Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հերքում է այն խոսակցությունները, որ ՀՀԿ-ում կանանց միջև վեճեր են գնում՝ կապված կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու հետ:
«Դա ապատեղեկատվություն է: Մեր համերաշխությունը միշտ կա: Կարծում եմ, որ դուք մեր խմբակցության ներսում տեսնում եք այդ կուռ համախմբվածությունը»,- ասաց պատգամավորը:
Ռուզաննա Մուրադյանն անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հնարավորությանը, նշեց, որ դեռևս մտորումների մեջ է և այս պահին հստակ բան չի կարող ասել, քանի որ հարցը դեռ քննարկումների փուլում է:
Անդրադառնալով պատգամավոր Կարինե Պողոսյանի՝ ՀՀԿ-ն լքելու որոշմանը, Ռուզաննա Մուրադյանն ասաց.
«Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր անելիքը: Անկախ նրանից, թե մարդ ինչ որոշում է կայացնում, դա արժանի է հարգանքի»:
Ռուզաննա Մուրադյանը, խոսելով ռեյտինգային քվեարկության մասին, ընդգծեց, որ դա ազատ մրցակցություն և ժողովրդավարություն ապահովող ընտրակարգ է. «ռեյտինգային քվեարկության դեպքում նույն կուսակցության անունից առաջադրվում է ոչ թե մեկ հոգի, այլ մի քանիսը, ովքեր պիտի կարողանան համապատասխան մրցակցության պարագայում իրենց ձայները բերել կուսակցությանը»