ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի գործով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք՝ ԱԺ-ում լրագրողի հարցից դժգոհ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռունցքով հարվածել էր լրագրողին, ապա՝ հայհոյել:
Վահե Մակարյանի և Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած առերեսումից հետո Մակարյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ Ռուբիկ Հակոբյանի դեմ մեղադրանք առաջադրելու համար։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Վահե Մակարյանն ասաց՝ լրացուցիչ նյութեր են ներկայացվել որպես ապացույց, և կարծում ենք, որ կա արդեն ապացույցների բավարար բազա՝ Հակոբյանի դեմ մեղադրանք առաջադրելու համար։
«Իմ և պատգամավորի մեջ տեղի ունեցած առերեսումից հետո, հիմնվելով նրա ցուցմունքների և նախկինում արված հայտարարությունների վրա, մենք համարեցինք, որ կան բավարար հիմքեր՝ նրան մեղադրանք առաջադրելու համար: Մենք նաև որպես ապացույց՝ լրացուցիչ տեսաձայնագրություններ էինք ներկայացրել ՀՔԾ՝ միջնորդելով դրանք դարձնել ուսումնասիրության առարկա»,- շեշտեց լրագրողը:
Մակարյանը քիչ առաջ փաստաբանից տեղեկացավ, որ Հատուկ քննչական ծառայությունը մասնակի է բավարարել միջնորդությունները, որոնց ներկայացումից անցել է ուղիղ մեկ շաբաթ:
«ՀՔԾ-ն միայն ընդունել է մեր ներկայացրած ապացույցները՝ ուսումնասիրելու միջնորդությունը, իսկ պատգամավորի նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասով՝ մերժել է: Մենք նաև միջնորդել էինք՝ հարցաքննել այն անձանց, որոնց վերաբերյալ Ռուբիկ Հակոբյանն ասել էր, թե՝ զանգել-շնորհակալություն են հայտնել: Ըստ Հակոբյանի՝ նրանք եղել են պատգամավորներ և լրագրողներ: Ուստի, մենք համարեցինք, որ հնարավոր է՝ այդ անձինք օգտակար լինեին՝ ասելով, թե հատկապես ինչի համար են շնորհակալ եղել: Բայց Հատուկ քննչական ծառայությունն այդ միջնորդությունը ևս մերժել է»,- տեղեկացրեց լրագրողը:
Ի դեպ՝ գործով քննիչ, Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վազգեն Ավետիսյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ գործի վերաբերյալ, կամ՝ որպես քննիչ, մանրամասներ ներկայացնել:
Քրիստինա Աղալարյան