Հայաստանի նախագահական ընտրությունից հետո տեղի ունեցող զարգացումները, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ կարծես թե ձնագնդի էֆեկտով ծավալվում է ժողովրդական նոր շարժում, դրսևորում են Հայաստանի իշխանական համակարգի փաստարկային խեղճությունը, երբ ինտրիգներից բացի, որևէ այլ միտք հրապարակ չի իջնում:
Կամ ինտրիգներ են, կամ էլ շարադրություններ, որոնք մատուցվում են Սերժ Սարգսյանի խոսքի տեսքով: Շարադրությունների հարցը քննարկելն արդեն երևի թե ավելորդ է, որովհետև 5 տարի է, ինչ Սերժ Սարգսյանը հասարակությանը մատուցում է դրանք՝ իր ելույթների տեսքով: Նա շանս ուներ, այդ շարադրություններն իսկապես ելույթ դարձնելու՝ դրանցում արտահայտված մտքերը վերածելով իրականության: Սակայն, քանի որ այդ մտքերը մնացին թղթի վրա հինգ տարի շարունակ, շարադրությունից ավելի կարգավիճակի հավակնել բնականաբար չեն կարող: Ինտրիգների հարցում իշխանությունն, իհարկե, ավելի գործնական է: Եվ այդ իմաստով, ինտրիգներին հարկ է ավելի մեծ ուշադրություն դարձնել, դրանց գեներացիան հնարավորինս կանխելու համար, քանի որ ինտրիգների գեներացիան սովորաբար հանրության համար որևէ լավ բան չի խոստանում:
Դրանցից մեկն էլ, որ դրվում է շրջանառության, ընդդիմադիր դաշտում ընթացող գզվռտոցի, առաջինը լինելու պայքարի, կռվախնձորային իրավիճակի մասին հայտարարություններն են: Դրանց հեղինակներին ինքնին չարժե լուրջ ընդունել, բայց հայտարարությունները, իհարկե, արժանի են դիտարկման: Ի՞նչ է կատարվում ընդդիմադիր դաշտում և արդյո՞ք այստեղ գզվռտոցի մասին հայտարարությունները կապ ունեն իրականության հետ: Իհարկե, դժվար է ներթափանցել և կարդալ ընդդիմադիր դաշտի գործիչների և թիմերի մտքերը, հոգում և սրտում եղածը: Միգուցե նրանցից յուրաքանչյուրը ունի իր հաշվարկներն ու ծրագրում է ներկայիս իրավիճակում քաղել առավելագույնը և բազմել ընդդիմության առաջնորդի աթոռին՝ հիմա կամ հետո, երբ կկործանվեն հերթական լիդերները: Սակայն մտքեր գուշակելը, մեղմ ասած, անշնորհակալ գործ է, և պետք է ընդամենը դատել այն ամենով, ինչ կա, ինչ կատարվում է դաշտում: Իսկ ընդդիմադիր դաշտում կատարվում է պարզ վերադասավորում, որը գզվռտոցի հետ, մեղմ ասած, կապ չունի, գոնե առայժմ: Գզվռտոցի ռեսուրս էլ չկա:
Կա հետևյալ իրողությունը: Ընդդիմադիր դաշտում առանցքային դերում է հայտնվել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նախագահի թեկնածու էր առաջադրվել և ստացել է պաշտոնապես 36 տոկոս ձայն, որն ինքնին բավական մեծ թիվ է: Առավել ևս, որ տոտալ կեղծիքների պայմաններում, մեղմ ասած, հիմնավոր են կասկածները, որ Հովհաննիսյանի ստացած ձայները շատ ավելին են: Րաֆֆի Հովհաննիսյանը սկսել է պայքար կեղծված ընտրության արդյունքի դեմ և այդ պայքարին միացել է բավական պատկառելի ժողովրդական, քաղաքացիական զանգված, տարբեր խմբեր, տարբեր անհատներ: Ակնհայտ է, որ ընդդիմության ծանրության կենտրոնն այստեղ է:
Հիմա գզվռտոցի մասին:
Ո՞վ է վիճարկում այդ իրողությունը, ո՞ր ընդդիմադիր ուժն է, որ հակադրվում է այդ գործընթացին: Այդպիսի ուժ չկա: Թե ինչ կա մյուս ուժերի մտքում, կրկնում եմ, այլ հարց է և դիտարկման արժանի կլինի այն դեպքում, երբ այդ մտքինը սկսի արտահայտվել որևէ գործողությամբ, որը կնշանավորի մրցակցություն ընդդիմադիր դաշտում: Բայց առայժմ չկա որևէ ուժ, որը վիճարկում է Րաֆֆի Հովհաննիսյանի առանցքը, նրա հաջողությունը նախագահական ընտրությանը: Նրա գործողություններին տրվող գնահատականները, իհարկե, տարբեր են, բայց գզվռտոցը միայն տարբերությամբ պայմանավորելն ու չափելը այդքան էլ ճիշտ չէ: Գզվռտոցի ռեսուրս չկա, որովհետև ընդդիմադիր դաշտում հանդես եկող մյուս մեծ ուժը, այսպես ասած' ընդդիմության նախկին առանցքը՝ ՀԱԿ-ը, որը ենթադրվում է,- ըստ գզվռտոցի տեսության հեղինակների,- որ պետք է հանդիսանա դրա հիմնական լոկոմոտիվը, ներկայումս գտնվում է վերադասավորումների բավական բուռն գործընթացում: Հեռանկարում ՀԱԿ-ը միգուցե փորձի վիճարկել ընդդիմադիր դաշտի ստատուս քվոն, սակայն միայն այն դեպքում, երբ կարողանա արդյունավետ կերպով ավարտել վերադասավորումների փուլը: Քանի դեռ ՀԱԿ-ը զբաղված է դրանով, անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող մտնել ընդդիմադիր գզվռտոցի մեջ և վիճարկել «Ժառանգության» առաջատարությունը ներկայիս իրավիճակում:
Կան այլ ընդդիմադիր ուժեր, կուսակցություններ, անհատներ, որոնք ևս գտնվում են նոր ձևավորվող ընդդիմադիր շարժման հանդեպ անորոշության մեջ: Բայց, այդ ուժերն էլ, օբյեկտիվորեն չունեն այդ շարժման առաջատարությունը վիճարկելու ռեսուրս: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», որը մինչ այդ հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից և մինչև նախագահական ընտրություն հանդիսանում էր ընդդիմադիր դաշտի առանցքը, թեև ներկայանում որպես ընդամենը այլընտրանք իշխանություններին, ապա ԲՀԿ-ն ևս ներկայումս չունի «Ժառանգության» առաջատարությունը վիճարկելու ռեսուրս: Վիճարկելու դեպքում ԲՀԿ-ն վերջնականապես կընկալվի որպես իշխանական ուժ, ինչը «Բարգավաճ Հայաստանը» շատ լավ է պատկերացնում: Դրա վկայությունը ընտրությունների մասին ԲՀԿ հայտարարությունն էր:
Այնպես որ, ներկայումս իրավիճակը բավական հստակ է, և ընդդիմադիր դաշտում առկա գզվռտոցի մասին դատողությունները ընդամենը ցանկությունն իրականության տեղ անցկացնելու ոլորտից են, ոչ ավելի: Եվ ընդհանրապես, ամենակարևորը, առանձնահատուկը, որ բնորոշ է հետընտրական ներկայիս իրավիճակին: Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է շարժումը պահել ապակուսակցական հարթության վրա, և առայժմ դա նրան հաջողվում է: Իսկ ապակուսակցական հարթության էֆեկտը նաև հենց այն է, որ դա իրավիճակը հնարավորինս ապահովագրում է տարատեսակ քաղաքական-կուսակցական ինտրիգներից, պահում առավելապես ժողովրդական հարթության վրա: Իսկ խոսել ներժողովրդական գզվռտոցի մասին' թերևս անհեթեթություն է: Կարելի է խոսել միայն վարձկան սադրիչների մասին, որոնք ժողովրդի շրջանում փորձում են իրականացնել իշխանության տարբեր պատվերներ, սակայն որպես կանոն' անհաջող, որովհետև այդ կոնտինգենտի հանդեպ հանրային իմունիտետը ձևավորվել է դեռևս 2008-ի շարժումից:
Իհարկե, կան քաղաքացիական մակարդակում հարցադրումներ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ռազմավարության և մարտավարության հետ կապված: Բայց դրանք ոչ թե գզվռտոցի, այլ առողջ գործընթացի վկայություն են, որոնք ամրացնում են ընդդիմությանը' թույլ չտալով գորշություն և ճահճացում: