Արցախի սահմանի Մարտակերտի ուղղությամբ՝ փետրվարի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: Զինծառայողը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հոսպիտալի պետ Զորի Սաղյանն ասաց, որ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառական ապարատ. «Զինծառայողը գլխի վնասվածք է ստացել: Վիճակը ծանր է, ոչ մի փոփոխություն չկա»: Իսկ Երևան տեղափոխելու անհրաժեշտության մասին հոսպիտալի պետը նշեց, որ դեռ պետք է վիճակը կարգավորել, նոր միայն տեղափոխման մասին խոսել:
Այս օրերին Արցախի սահմաններին լարվածության աճ է նկատվում: ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում երեկ, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Վերջինս Մարտակերտից էր: 20 տարի ծառայել է Զինված ուժերում: Անցած տարի վիրավորում էր ստացել, սակայն ապաքինվելուց հետո կրկին վերադարձել էր ծառայության:
Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածներից մեկում մարտական բարդ խնդիր է լուծել. հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն: