Արդեն հայտնի է, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, ով, պետք է նկատել՝ այս պաշտոնում պաշտոնավարել է մոտ տասը տարի, հրաժարական է տվել. ԱԺ քառօրյայի վերջին նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Թե ինչով է պայմանավորված Զաքարյանի՝ միգուցե շատերի համար անակնկալ այս քայլն, անկասկած, ակնհայտ է. սա, թերևս, ընտրական պրոցեսներին ընդառաջ կատարված խրոխտ քայլ էր, որով, ըստ էության, ևս մեկ անգամ ապացուցվում է Զաքարյանի սկզբունքայնությունն ու անդավաճանությունը՝ դավանած արժեքներին ու բարձր բարոյական հատկանիշներին՝ մի բան, որն, ինչպես հայտնի է, չափազանց հազվագյուտ երևույթ է մեր իրականության պայմաններում:
Զաքարյանի որոշումը՝ կանգնելու իր վաղեմի բարեկամ Գագիկ Ծառուկյանի կողքին, անխոս, վերջինիս կողմից գլխավորած քաղաքական ուժի համար ունենալու է հսկայական նշանակություն ոչ միայն բարոյական իմաստով, այլև, որ ոչ պակաս կարևոր է՝ մարդկային ռեսուրսների առումով. պետք չէ մոռանալ՝ Զաքարյանը մեկն է, ով, շնորհիվ իր բարձր մասնագիտական կարողությունների ու պետական կառավարման համակարգում երկար տարիների աշխատանքային փորձառության, ռեսուրսային իմաստով ուղղակի անփոխարինելի կարող էր լինել ցանկացած քաղաքական ուժի համար:
Վերջիվերջո, պետք չէ մոռանալ, որ մատների վրա կարելի է այսօր հաշվել մարդկանց, ովքեր նույնքան լավ կառավարիչ են, կազմակերպչական բացառիկ կարողություններով օժտված անհատներ, որքան նա: Վստահաբար, Զաքարյանն այն մարդն է, ում համար չկային փակ դռներ, չկային անհասանելի քաղաքական ուժեր, ու ցանկացած մեկ այլ կուսակցություն կամ քաղաքական ուժ՝ մեծ ուրախությամբ կընդուներ նրան իր շարքերը. Զաքարյանը, սակայն, անդավաճան մնաց…
Մի հանգամանք ևս, ի դեպ, չենք կարող չնշել. Իշխան Զաքարյանի հրաժարականը մեծապես պայմանավորված է նաև նրա ցանկությամբ՝ սեփական պաշտոնը, որն ամենևին էլ հանրապետությունում վերջիններից չէր, չծառայեցնելու անձնական կամ քաղաքական նպատակներին՝ հատկապես մի ժամանակահատվածում, երբ, ինչպես հայաստանյան իրականությունն է ցույց տալիս, պաշտոնն ու դիրքն ամենևին էլ վերջին տեղում չեն գտնվում, ու չինովնիկների գերակշիռ մեծամասնությունն իր հասարակական դիրքը, որպես կանոն, ծառայեցնում է բացառապես քաղաքական նպատակներին ու սեփական տեղը քաղաքականության մեջ ամրապնդելուն:
Զաքարյանին ոչ ոք չէր ստիպել, նույնիսկ չէր էլ ակնարկել հրաժարվել երկար տարիներ զբաղեցրած պաշտոնից, բայց նա, ի պատիվ իրեն, նախընտրեց քաղաքական պայքարի մեջ մտնել արդարության սկզբունքով ու ընդդիմություն լինել՝ առանց իշխանությունների հետ նախապես գործարքի մեջ մտնելու. ընդդիմադիրը, հատկապես նախընտրական այս շրջանում, երբ այլևս հստակ սահամանագծեր են քաշվում քաղաքական ուժերի միջև, զուտ ֆիզիկապես՝ չի կարող մաս կազմել պետական կառավարման համակարգի, քանի որ այդկերպ՝ հարցականի տակ է դնում իր առաքելությունը. Իշխան Զաքարյանն, այս իմաստով, իրոք որ օրինակելի քայլ է կատարել:
Չնայած՝ ընդունված է կարծել, որ այս ընտրություններին հիմնական դերակատարը փողն է լինելու, հաջողության են հասնելու նրանք, որոնց հետևում առավել մեծ նյութատեխնիկական բազա կա, բայց ոչ ոք չի կարող հերքել, որ միակ անհաղթահարելի ուժը՝ լինի կյանքում, թե քաղաքականությունում, կա և մնում է բարոյականությունը. հենց դրա առաջ են ընկրկում թե՛ փողը, թե՛ այլ սուբյեկտիվ գործոններ. «Ծառուկյան» դաշինքի անհաղթությունը հենց նրա անդամների վեհ բարոյական հատկանիշներն են ու նվիրվածությունը՝ սեփական գաղափարներին. բաներ, որոնք փողով հաստատ ձեռք չես բերի…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ