«Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի միայնակ: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ իրենք ունեն ծրագիր և գիտեն՝ որտեղ և ինչ անել: «Նորարարական և հետաքրքիր լուծումների առաջարկներ ունենք, որոնք կներկայացնենք ընտրություններից առաջ: Մեր մոտեցումն այն է, որ ընտրություններին գնում ենք կուսակցությունով, սակայն համագործակցություն' հատկապես ընտրությունների արդար և թափանցիկ ընթացքի համար, միանշանակ կլինի: Կտեսնենք՝ ինչ տարբերակներով կլինի: Հայաստանի 25 տարիների փորձը ցույց է տվել, թե հետագայում ինչ են լինում նախընտրական դաշինքները: Մենք կարևորում ենք քաղաքական ուժերի ինստիտուցիոնալ կայացման դերը, որովհետև նոր ստեղծվող դաշինքների մոտ, եթե չկան գաղափարախոսական մոտեցումներ և քաղաքա կան տեսլական, ապա սկսվում են ապակենտրոնացման գործընթացներ»,-նկատեց Շահգելդյանը:
Հետընտրական դաշինքների մասով նա նշեց, որ պետք չէ «Աստծուց առաջ անցնել»: «Քանի որ «Հայկական Վերածնունդ»-ն այսօր հզորանում է, ապա շատ հնարավոր է, որ ստեղծենք հետընտրական դաշինքներ: Մենք դաշինքներ կկազմենք այն դեպքում, եթե մենք լինենք որոշումներ կայացնող կամ ազդեցություն ունենանք դրանց ընդունման վրա»,- ասաց Շահգելդյանը' հավելելով, որ իշխանությունը երբեք ինքնանպատակ չի եղել իրենց համար:
Փետրվարի 11-ին հրավիրվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարը: Նախատեսվում է, որ քաղաքական ուժը կհստակեցնի, թե ինչ ցուցակով է գնում ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին: Առաջադրումների փուլն արդեն սկսվել է և կտևի մինչև փետրվարի 16-ը, իսկ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 5-ին: