«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի պահման պայմանների եւ առողջության պահպանման իրավունքի շարունակական ուսումնասիրության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, ա յդ թվում՝ բժիշկը, փետրվարի 13-ին եւս մեկ չհայտարարված այց են կատարել վերոնշյալ քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Սարգսյանի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրա պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը:

Ա. Սարգսյանի հիվանդության պատմագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 9-ից 13-ը ներառյալ առկա են բժշկի այցելության եւ Ա. Սարգսյանի կողմից բժշկական օգնությունից հրաժարվելու վերաբերյալ գրառումներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է Ա. Սարգսյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման հարցով քննարկման ընթացակարգ: