Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր ՀՀԿ-ն հրավիրել էր Գործադիր մարմնի նիստ: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն, ամփոփելով նիստի ընթացքում քննարկված հարցերը, նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվել են նախընտրական հարցեր: «Շատ եք գրում այն մասին, թե ով է ղեկավարելու ՀՀԿ նախընտրական շտաբը: Պետք է ասեմ, որ այս ընտրւթյունները տարբեր կլինեն, և ՀՀԿ շտաբը կղեկավարի ողջ գործադիր մարմինը: Այս տարի Գործադիր մարմինը կղեկավարի ՀՀԿ Գլխավոր շտաբը»: 

Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ներկայացրեց ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակը.

Վիգեն Սարգսյան

Տարոն Մարգարյան

Արփինե Հովհաննիսյան

Արա Բաբլոյան

Արմեն Ամիրյան

Արմեն Աշոտյան

Էդուարդ Շարմազանով

Մարգարիտ Եսայան

Սամվել Ֆարմանյան

Կարեն Ավագյան

Սա նախնական տարբերակն է, որը կարող է փոփոխվել՝ հիմնականում երկրորդ հնգյակը:  

Փաստորեն, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը չեն գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը:

Ըստ Շարմազանովի՝ այն, որ ՀՀ նախագահն ու վարչապետը չեն ընդգրկվել այս ցուցակում դեռ չի նշանակում, որ ՀՀԿ-ում վարկանիշի անկում կա: Ըստ Շարմազանովի՝ այդպես որոշել է նախագահը, իսկ Կարեն Կարապետյանն արդեն նշել է՝ իր ցուցակում հայտնվելու պատճառների մասին:  

ՀՀԿ մամլո խոսնակի համոզմամբ՝ իրենց համամասնական ցուցակում  կան պատգամավորներ, մտավորականներ և այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն շանսեր ունի հաղթելու: 

Կուսակցության համամասնական ցուցակը նոր դեմքերով համալրելն արդյոք փաստում է, որ ՀՀԿ-ն ձերբազատվում է հեղինակազրկվածներից հարցին՝ էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ սա լավագույն ցուցակն է, որն իրենք ունեն, իսկ ՀՀԿ-ում հին ու նոր մարդիկ չկան. ՀՀԿ-ն գնում է բարեփոխումների: