Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի տարածքային ցուցակների որոշ անուններ: Փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենց տարածքային թեկնածուները շատ են, ուստի կներկայացնի այն անձանց, ովքեր հետաքրքիր են մամուլի համար:
Թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանները, դաշինքի ռեյտինգային ցուցակով կառաջադրվեն ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ջութակահար երիտասարդ Նարեկ Սարգսյանը:
Երևանի Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում դաշինքի տարածքային ցուցակներով կառաջադրվեն ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, Զոյա Թադևոսյանը, Գրիգոր Գրիգորյանը, Արման Մուսինյանը, Տիգրան Պասկևիչյանը, պատմաբան Միքայել Մարտիրոսյանը:
Թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները' կառաջադրվեն Հակոբ Հակոբյանը, Արշակ Մարուքյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը, Սամվել Կարապետյանը, Բագրատ Անդրեասյանը:
Կենտրոն, էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի տարածքային ցուցակով կառաջադրվեն Լուսինե Չալաբյանը, Նունե Թորոսյանը: Ընդհանուր առմամբ, այս ընտրատարածքում դաշինքն առաջադրելու է 14 թեկնածու, որոնցից 8-ը կին են:
Զուրաբյանն ընդգծեց, որ Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում դաշինքի ցուցակում ընդգրկված են հետաքրքիր անձինք, ում անունները հանրությանը կարող են ոչինչ չասել, սակայն նրանք իրենց համայնքներում լուրջ հեղինակություն են վայելում: Արարատի մարզում կուսակցության տարածքային ցուցակով կառաջադրվի իրանահայ Վարդան Բեյլերյանը, ով վերջերս նաև հայերենի քննություն է հանձնել:
Թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, կառաջադրվի Սեդրակ Հովհաննիսյանը, ով նախկինում մարզպետ է եղել, ՀԺԿ-ից Աշոտ Շարիշանը, ով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, ներկայացնում է եզդիական համայնքը:
Թիվ 7 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզը, կառաջադրվեն Մյասնիկ Մալխասյանը, Վարդան Մալխասյանը և այլք:
Լոռիում դաշինքի տարածքային ցուցակով կառաջադրվեն Սարգիս Թամազյանը, Աշոտ Մանուկյանը, Կարեն Ադամյանը:
Կոտայքի մարզում կառաջադրվեն Գրիգոր Ոսկերչյանը, Արամ Բարեղամյանը և այլն:
Շիրակի մարզն ընդգրկող ընտրական տարածքում դաշինքի տարածքային ընտրական ցուցակում են Մուրադ Գրիգորյանը (ՀԱԿ-ի Գյումրիի կառույցի ղեկավար), Շալիկո Զոլյանը (ՀԱԿ-ի Աշոցքի կառույցի ղեկավար), Գագիկ Ֆահրադյանը (ՀԱԿ-ի Ախուրյանի կառույցի ղեկավար):
Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող ընտրական տարածքում Դաշինքի տարածքային ընտրական ցուցակում են Դավիթ Մաթևոսյանը, Ավետիք Ավետյանը, Արշակ Մուսախանյանը:
Տավուշի մարզն ընդգրկող ընտրական տարածքում Դաշինքի տարածքային ընտրական ցուցակում է Սերգեյ Ամյանը, Գուրգեն Ասատրյանը, Արթուր Աթաբեկյանը: