Մեզնից յուրաքանչյուրն այսօր տնից կամ ցանկացած այլ վայրից կարող է մուտք գործել էլեկտրոնային առողջապահության համակարգ եւ տեղեկատվություն ստանալ հանրապետությունում պետական պատվերի շրջանակներում ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների վերաբերյալ՝ ինչպիսի ծառայություններ են մատուցվում, Երեւանի կամ մարզային որեւէ բուժհաստատությունում գտնել անհրաժեշտ նեղ մասնագետին։ Ներկա պահին միասնական էլեկտրոնային տեղեկատվական այս համակարգում ընդգրկված են 480-ից ավելի բժշկական բոլոր այն հաստատությունները (իրենց մասնագետների շտեմարանով), որոնք պետական պատվերով բժշկական օգնություն եւ սպասարկում են իրականացնում։ Իսկ դրանք հանրապետության բուժհաստատությունների 95 տոկոսից ավելին են։ Նախարարությունն այս համակարգը դիտում է որպես պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ՝ հիվանդանոցներին տրամադրված ֆինանսական միջոցների ծախսման վերահսկման գործիք։

Սակայն, ինչպես յուրաքանչյուր համակարգ, որը նոր է ներդրվում և դեռևս ադապտացված չէ հայաստանյան իրականությանը, այս մեկը՝ նույնպես խնդրահարույց է, և իր մեջ մի շարք ռիսկեր է պարունակում: Արդյո՞ք այս համակարգը կարելի է դիտել իբրև կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և թափանցիկությունը ապահովելու արդյունավետ գործիք... իսկ, որ առողջապահության ոլորտը մեր երկրում ամենակոռումպացվածների շարքին է դասվում ՝ քաջ հայտնի է բոլորին: Արդյո՞ք օրակարգից դուրս կգան ինչ-ինչ նպատակներով անհարկի թանկարժեք հետազոտություն նշանակելու դեպքերը կամ խոսակցությունները:

Նախարարության կողմից սույն համակարգի ներդրումը այնքան է գովաբանվել, որ առաջին հայացքից կարող է թվալ՝ ոլորտում մինչ այս եղած բոլոր խնդիրները էլեկտրոնային առողջապահության համակարգի չգործելու հետ էին կապված:

Արդյո՞ք հստակեցվում են խաղի կանոնները։ Խոսքը վարչապետի բարձրաձայնած՝ գների նույնականացման մասին է։ Պարզ օրինակ՝ այսօր երկու տարբեր պետական ծրագրով միեւնույն ծառայությունը փոխհատուցվում է տարբեր գներով։ Նույն վիրահատությունը սոցիալապես անապահովների ծրագրով կարող է փոխհատուցվել, ասենք, 107 հազար, իսկ պետական ծառայողներին՝ 200 հազարի դրամի չափով։ Հնարավոր է նաեւ, որ նույն մարդը միաժամանակ 2 խմբի պատկանի։ Պարզ է, որ նման դեպքում հիվանդանոցին ձեռնտու է թանկ ծրագրով ձեւակերպելը: Եվ այս համակարգի ներդրումը կարող է արդյունավետ լինել, միայն եթե պահպանվեն խաղի կանոնները, ինչը՝ դժվար թե տեղի ունենա: Միևնույն ժամանակ դժվար թե այս համակարգը բացառի կրկնակի ֆինանսավորման դեպքերը, հետևաբար, նախարարության հավաստիացումները առ այն, որ նման նորամուծությունը կհանգեցնի ծախսերի կրճատմանը, լուրջ հարցականի տակ է....

Համակարգը վիճահարույց է նաև այլ տեսանկյունից: Ինչպե՞ս են ապահովելու քաղաքացիների առողջական վիճակի մասին տեղեկությունների գաղտնիությունը: Նշենք, որ մեր օրենսդրությունը այս ոլորտում խիստ թերի է, իսկ ներքին կարգավորումներն էլ չեն գործում: Թեեւ ՀՀ-ն վավերացրել է մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնցով պարտավորվել է պաշտպանել տվյալների գաղտնիության իրավունքը, անձի առողջական վիճակի մասին տեղեկատվության տրամադրման սահմանափակումներ են նախատեսված նաեւ ներպետական օրենսդրությամբ (փոփոխված Սահմանադրության 34 հոդված՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենք, հոդված 3՝ «Բնակչության առողջության եւ բժշկական սպասարկման մասին» օրենք, հոդված 5՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենք, հոդված 4 եւ այլն), չի կարելի ասել, որ դրանք լավագույնս կարգավորում են այս հարցը: Միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու պայմաններում ինչպե՞ս է իրականացվելու քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության ապահովման գործընթացը: Այս հարցերի պատասխանները դեռևս հստակեցված չեն, միչնդեռ համակարգը ինքնամոռաց «հեղափոխությունների» գիրկն է ընկել...

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ