Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նորից նկատվում է լարվածության աճ՝ ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաճախակի հնչող խաղաղասիրական կոչերի:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում պրոֆեսոր Լևոն Շիրինյանը, խոսելով ադրբեջանական ագրեսիայի և համանախագահների կողմից իրականացվող քայլերի մասին, ասաց.
«Այդ քաղաքական միջազգային գործընթացի կազմակերպումը ոչ մի կապ չունի իրական Ադրբեջանի հետ: Մեր տեսակետները պետք է փոխվեն: Հայաստանը պետք է ասիմետրիկ պատասխանների դիմի: Պետք է նախապատրաստվի և հակառակորդի խոցելի կետերին անընդհատ հարվածի: Այլ տարբերակ հնարավոր չէ, քանի որ խաղաղ տարբերակով արցախյան հարցի լուծումը հնարավոր չէ գտնել»:
Դիտարկմանը՝ գուցե նախահարձակ չլինելով մեր պաշտոնյաները ցանկանում են Մինսկի խմբի համանախագահներին ցույց տալ, որ մենք պաշտպանվող և ոչ թե հարձակվող կողմ ենք, պրոֆեսորը պատասխանեց. «Մենք ինչո՞ւ ենք ցանկանում Մինսկի խմբի համանախագահներին ցույց տալ, թե պաշտպանվող կողմ ենք: Հայությունը պետք է հասկանա՝ մենք չենք ապրում Մինսկի խմբի, թուրքի և ռուսի համար: Հայությունը պետք է իր հաշիվները մաքրի էդ թուրքի հետ»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Ադրբեջանի հետ պետք է քայքայիչ աշխատանքներ տանել և՛ տեղեկատվական դաշտում, և՛ ազգային փոքրամասնությունների շրջանում, և՛ միջազգային բոլոր հարթակներում:
Ըստ Լևոն Շիրինյանի՝ հայությունը պետք է գիտակցի, որ Ադրբեջանն Արցախի և Հայաստանի հետ վարում է տոտալ պատերազմ՝ օգտագործելով բոլոր միջոցներն, ուստի մենք պետք է նախահարձակ լինենք: «Պետք է հարձակվել. հիմա ադրբեջանական մի գյուղ պետք է ավերվի»:
Արդյո՞ք հայկական կողմն ունի համապատասխան ներուժ՝ հակահարձակման անցնելու համար հարցին, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Մենք ներուժ չունենք, բայց Ադրբեջանն էլ չունի, այնպես որ, ներուժի մասով հավասար ենք: Մենք սպառվում ենք, եթե սպառվում ենք՝ ավելի լավ չէ՞ կազմակերպվենք բոլոր միջոցներով և հարձակման անցենք, չէ՞ որ նրանք անցել են իրենց նախկին գործին՝ այն է՝ հյուծել Հայաստանը:
Ըստ Լևոն Շիրինյանի՝ իշխանությունները սխալ քայլ կատարեցին՝ կանխելով ապրիլին հայկական կողմի հարձակման պատրաստակամությունը. «Ապրիլին նախահարձակ էինք լինում, ինչո՞ւ կանգնեցրին մեզ, ո՞վ է Ռուսաստանը. Ռուսաստանին պետք է, որ այստեղ մշտական կռիվ լինի, դրա համար էլ կանգնեցրեց մեր հարձակումը»,-նշեց նա՝ վստահեցնելով, որ անկայուն վիճակը սահմանին շարունակվելու է, եթե հարձակման անցնելու որոշումը չկայացվի:
Աղավնի Սուքիասյան