Առանձնապես մեծ գաղտնիք չէ, որ Հայաստանի սոցիալական ամենասուր գերխնդիրներից մեկն էլ տարիներ ի վեր եղել ու շարունակում է մնալ գյուղի հետ կապված հիմնահարցերը. գյուղը մեզանում դարձել է ոչ թե հայ մարդու ստեղծարար ոգու արտահայտման, արտացոլման անփոխարինելի վայր, ինչպես դարեր շարունակ է եղել, այլ՝ անհուն խնդիրների խճճված կծիկ, որի վերջն այդպես էլ չի երևում:
Խնդիրներն, անկասկած, շատ են, գյուղացիության առջև ծառացած մարտահրավերներն էլ՝ բազում, բայց կան մի քանի հարցեր, որոնք առավել սրությամբ են այսօր արտահայտվում հայ գյուղացիության կյանքում: «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շնորհանդեսին Միքայել Մելքումյանի ծրագրային ելույթում, թերևս, արտացոլվել էին դրանցից առաջնայինները, որոնց ձեռքը հայ գյուղացին այսօր բառացիորեն կրակն է ընկել. ոռոգման ջրի խնդիրն ու վարկային բեռի ծանրությունը՝ հայ գյուղացու ուսերին, հիրավի, դարձել են մի բալաստ, որի ծանրության տակ կքում է ողջ գյուղատնտեսությունը՝ չկարողանալով դառնալ տնտեսության այն լոկոմոտիվներից մեկը, որ նախկինում՝ տասնամյակներ ի վեր, հանդիսացել է:
Իսկ այս խնդիրների մասշտաբայնության մասին մոտավոր պատկերացում կազմելու համար՝ նախ հարկավոր է մի յուրատեսակ վիճակագրություն հաշվի առնել. այսօր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում պաշտոնապես աշխատում է շուրջ կես միլիոն մարդ, իսկ գյուղացիական տնտեսությունների քանակն էլ հատում է 300 հազարի շեմը: Որքան էլ ցավալի լինի խոստովանել, փաստ է, սակայն, որ ի տարբերություն, ասենք, նույն հարևան Վրաստանի՝ Հայաստանում գյուղատնտեսական խնդիրներից մեկն էլ՝ ընդ որում՝ չափազանց սուր արտահայտված, շարունակում է մնալ ոռոգման ջրի խնդիրը: Ու եթե, ասենք, նույն վրացի գյուղացիները ոռոգման ջուրը գլխավորապես ստանում են ձրի հիմքունքներով կամ դրա դիմաց մուծում չնչին լումաներ, ապա մեզ մոտ՝ Հայաստանում, գյուղացին բառացիորեն քամվում է ջրի ձեռքն ու արդյունքում էլ՝ մնում ձեռնունայն:
Եվ ահա «Ծառուկյան դաշինքն» առաջարկում է շատ պարզ ու, եթե կուզեք, նույնիսկ հումանիստական լուծում. առաջարկվում է 1հա հողատարածք ջրելու դիմաց՝ որպես վճար, սահմանել 1000 դրամ: Իրականում այս քայլը կարող է կատարյալ լուծում դառնալ ստեղծված իրավիճակում, ու պետությունը, հրաժարվելով ոռոգման ջրի դիմաց գյուղացիության վճարած վարձավճարների արդյունքում ամեն տարի գոյացող մի քանի միլիոն դոլարից, կարող է էականորեն թեթևացնել աղքատության ճիրաններից այպես էլ դուրս չեկող մի հսկայական սոցիալական խմբի հոգսերն՝ իրական նախադրյալներ ստեղծելով գյուղատնտեսության զարգացման համար. մարդիկ կկարողանան մի փոքր շունչ քաշել:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական վարկերի խնդրին, ապա այն այնպիսի մասշտաբայնություն է մեզանում ստացել, որ համարել սույն խնդիրը բացառապես ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող, հարցի թյուրընկալման արդյունք կդիտարկվեր. անկասկած՝ գյուղատնտեսական վարկերի խնդիրը ներկայում գյուղատնտեսության ոլորտը կոլապսի մեջ գցող գերխնդիրներից ամանաառաջնայինն է. Հայաստանում գրթե չկա գյուղացի, որ բանկերից վերցրած վարկերի տոկոսների ծանրության տակ կքած չլինի՝ կանգնած լինելով ողջ կահ-կարասին կորցնելու շեմին. մարդկանց ձեռքն այլևս անշարժ գույք չի մնացել, ու ողջ ունեցվածքը բանկերի սեփականությունն է դարձել:
Թե ինչով է պայմանավորված գերբարձր՝ 22-26%-ի հասնող գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքներն, այդքան էլ մինչև վերջ չի հաջողվում պարզել: Պետք չէ մոռանալ, որ երկար տարիներ միջազգային ֆինանսական կառույցները Հայաստանին պարբերաբար տրամադրել են 0,25-1,25%-անոց վարկեր, որոնք, ըստ մտահղացման, պետք է էականորեն բարելավեին գյուղատնտեսությանը հատկացվող վարկերի պայմանները: Ըստ էության՝ տեղի է ունեցել հետևյալը. տեղացի չինովնիկները փողը վերավաճառել են հայ գյուղացիության վրա՝ տասնապատիկներ ավելի թանկ գնով. մարդիկ փաստացի գյուղացիների վրա բիզնես են արել ու հարստացել:
«Ծառուկյան» դաշինքը ոչ միայն կոչ է անում վերջ տալ այս խեղկատակությանն, այլև պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր աղքատ գյուղացիության հաշվին հարստացրել են իրենց փորերը՝ ելնելով արդարություն հաստատելու բնական պահանջմունքից: Անհրաժեշտ է ստիպել համապատասխաններին՝ հետ վերադարձնել հատկապես գյուղացիությունից խլված միջոցներն ու ենթարկել նմաններին պատասխանատվության. սա, թերևս, իդեալական բաղադրատոմս պետք է համարել:
Անկասկած, եթե հաջողվի հաղթահարել գյուղի առջև ծառացած բազմաթիվ պրոբլեմներից գոնե այս երկուսն, ապա հաստատապես կարող ենք ասել,որ կստեղծվեն լավագույն նախադրյալներ՝ գյուղատնտեսության զարգացման համար: Իհարկե, խնդիրներն ամենևին էլ այսքանով չեն սահմանափակվում, բայց որ բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրների շարքում հատկապես սուր են արտահայտված հենց սրանք, անհերքելի իրողություն է:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ