Արցախն այլևս նոր Սահմանադրություն ունի: Երեկ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով՝ սահմանադրական հանրաքվեին այո է ասել ընտրողների մեծամասնությունը՝ 87, 6 տոկոսը, ոչ՝ ընտրողների 9,7 տոկոսը: Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը փոքր ինչ զարմացած էր, որ «ոչ» են քվեարկել քիչ թվով քաղաքացիներ՝ 7686-ը՝ ընտրությանը մասնակցած 79.428 քաղաքացուց: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: 

 

-Պարոն Իշխանյան, հանրաքվեի արդյունքները սպասելի՞ էին Ձեզ համար: 


-Անկեղծ ասած՝ սպասելիքներն այդքանը չէր: Մենք մեր հաշվարկների ու պատկերացումների մեջ ակնկալում էինք դեմ քվեարկողների՝ գոնե ավելի մեծ տոկոս: Մեր շրջագայությունների ընթացքում ակնկալում էինք 60-70 տոկոս կողմ քվեարկողներ: 

 

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ դեմ քվեարկողների թիվն այդքան փոքր էր: 


-Գիտեք, ցանկացած ընտրություն կամ հանրաքվե՝ իր յուրահատկություններն ունի: Համապետական որևէ ընտրություն մյուսի հետ չես կարող համեմատել: Հանրաքվեի պարագայում՝ ևս: Այս դեպքում միշտ էլ ժողովրդի մոտ բարձր ներգրավվածություն ու տեսակետի արտահայտում է եղել: Ի վերջո՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն այնպիսի գործընթաց է, որ հանրության լայն շրջանակներ խորությամբ չեն կարող ընկալել Սահմանադրության մեջ ներառված դրույթները՝ մանրամասնորեն: Այսինքն՝ երկրում տեղի են ունենում բարեփոխումներ, և այդ բարեփոխումներում իշխող քաղաքական ուժն «այո» ասելու մեջ իր ներգրավվածությունն ունի, այդ իսկ առումով՝ դա արտացոլվել է հանրության տեսակետի վրա: 

 

-Պարոն Իշխանյան, Արցախն այլևս նոր Սահմանադրություն ունի: Ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգնի ու ինչպե՞ս կհաղթահարի դրանք՝ արդեն նոր Սահմանադրությամբ: 


-Մեր առջև ծառացած մարտահրավերները մենք կարողացել ենք հաղթահարել նաև առանց Սահմանադրություն ունենալու: Մեր առջև ծառացած մարտահրավերների դիմագրավումը ամբողջապես կախված չէ կառավարման համակարգից: Չնայած, մեր տեսակետով, ցանկացած մարտահրավերի հաղթահարում՝ կարելի է իրականացնել համապատասխան կառավարման համակարգով: Մեր տեսակետն այն  էր, որ այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջև, կարելի էր հաղթահարել կառավարման խորհրդարանական համակարգով: Ի վերջո՝ այդպիսի քայլ կատարեց Հայաստանը և կարծում եմ՝ մեր Արցախի ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները գրեթե ամբողջապես նույնն են: Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ էր մեր երկու հանրապետություններին ունենալ նույն քաղաքական կառավարման համակարգը: 

 

-Իսկ Արցախի միջազգային ճանաչման գործում կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ նոր Սահմանադրության ընդունումը: 


-Ճանաչման գործընթացը մի քիչ այլ ուղղվածություն ունի և կարծում եմ՝ սա ավելի շատ կախված է մեր արտաքին քաղաքականությունից՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, մյուս կողմից՝ Սփյուռքում հայկական քաղաքական կառույցների և լոբբինգային կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքներից: Սա նաև պետք է դիտարկել ընդհանուր շահերի համընկնման տեսանկյունից: 

 

Սահմանադրական փոփոխություններով՝ Արցախն անցնում է կառավարման նախագահական համակարգի: Նոր Սահմանադրությամբ նաև ամրագրվում է Արցախի Հանրապետություն անվանումը:

Քրիստինա Աղալարյան