«Մեր խնդիրն այս պահին արտաքին վտանգն է: Դա է պատճառը, որ ես չեմ ուզում խոսել ներքաղաքական գաղջ իրավիճակի մասին: Այսօր ամբողջ աշխարհում Ռուսաստանը հարց է լուծում: Սիրիայից հետո՝ հաջոդը լինելու է Կովկասը: Մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք և ճիշտ դիվանագիտություն վարենք: Հայաստանը պետք է մեկուսացնի Ադրբեջանին՝ աշխատելով միջազգային կառույցների հետ: Հիշեք, որ ապրիլին միայն Ադրբեջանը չէր մեզ վրա հարձակվողը. այնտեղ կար նաև ուրիշի թույլատվությունը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ըստ բանախոսի՝ ցավալի է, որ գործող իշխանությունը չի կիսում իր կուսակցության այս տեսակետը, դրա համար էլ Արցախի հարցը տարիներ շարունակ մնում է չլուծված:
Մենք պետք է ստորագրենք այն պահին, երբ կրած ենք: Այս պահին խաղաքարտեր ունենք, ուստի պետք է գնանք և պայմանագրեր ստորագրենք՝ մեզանից հեռու պահելով հեքիաթները: Մենք նաև մեր ժողովրդին չենք ճշմարտությունն ասում: Ամեն օր զինվոր ենք կորցնում սահմանին, ովքե՞ր են այդ մատաղացուները, չի կարելի, չէ՞ այսպես շարունակել: Չէ՞ որ մենք առաջարկում ենք հարցի լուծում. այն է՝ Արցախը տեսնել ընդլայնված սահմաններով:
Արամ Մանուկյանն այդպես էլ ասուլիսի ողջ ընթացքում չցանկացավ իր խոսքը կառուցել քաղաքական՝ իր բնորոշմամբ՝ այսօրեական մանր թեմաների վրա՝ շեշտելով, որ հստակ կարող է ասել, որ ՀԱԿ-ը փող չի բաժանելու և ժողովրդին էլ կոչ է անելու ձայն տալ փող չտվողին. «Եթե իշխանությունը խոհեմ լինի և գնա խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ ոչինչ, թող ես պատգամավոր չդառնամ, կգնամ նկարներս կծախեմ-կապրեմ, միայն՝ թող մեր երկրում խաղաղություն հաստատվի»:
Տեսանյութն՝ ավելի ուշ: