ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանի լարվածության աճի վերաբերյալ հայտարարություն են տարածել: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն՝ փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի լուրջ խախտում է արձանագրվել, ինչի արդյունքում կան տուժածներ: Մի քանի մարմիններ դեռևս մնում են «չեզոք գոտում» (no man’s land): Կողմերը միմյանց մեղադրում են դիվերսիայի փորձի մեջ:
Համանախագահները կոչ են անում կողմերին՝ ավելի վաղ շփման գծին մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկա դիրքերում և թույլ տալ վերցնել մահացածների մարմինները, ինչպես երեկ համաձայնեցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ: Համանախագահները հիշեցնում են կողմերին՝ ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ: