Ճշտված տվյալներով, երեք մարդ է զոհվել, եւս յոթը վիրավորվել են հրաձգության ընթացքում, որ տեղի է ունեցել Շվեյցարիայի Լյուցերն քաղաքի մերձակայքում գտնվող գործարանում: Տեղական ոստիկանության եւ դատախազության ներկայացուցիչները հայտնել են, թե հրաձգության հեղինակը զոհվածների մեջ է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջադեպը տեղի էր ունեցել Մենցնաու քաղաքի Kronospan փայտամշակման ձեռնարկությունում: Հանցագործը առավոտյան ժամը 9-ին մտել էր ճաշարան եւ կրակ բացել:
Շվեյցարական SDA գործակալությունը հայտնել է, թե միջադեպի հետեւանքով լուրջ վնասվածքներ ստացած անձինք ուղղաթիռներով տեղափոխվել են հիվանդանոց: Նաեւ թեժ գիծ է բացվել ֆաբրիկայի աշխատակիցների ընտանիքի անդամների համար:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրաձիգը կարող էր տառապել հոգեկան խանգարմամբ : Ոստիկանները հայտնել են, որ հրաձիգը 42 տարեկան էր: Նա 10 տարի աշխատել է գործարանում եւ հանգիստ ու ոչ կոնֆլիկտային աշխատակից է եղել, սակայն այս տարի փոխվել էր, հաճախ խոսում էր ինքն իր հետ: Նշվում է, որ նա գործարանում օպերատոր էր աշխատում, ուներ երեխաներ: Ոստիկանությունն առայժմ չի կարողանում բացատրել դեպքի դրդապատճառները: