Ազգային ժողովը միաձայն Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրեց Լևոն Յոլյանին: Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ ՎՊ նախագահի ընտրության քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: «Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Լևոն Յոլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, երկու քվեաթերթիկ հանձնաժողովի կողմից ճանաչվել է անվավեր: Այսպիսով, Վերահսկիչ պալատի նախագահ է ընտրվել Լևոն Յոլյանը»,- նշեց Ավետիսյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց Լևոն Յոլյանին՝ ՎՊ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ՝ հույս հայտնելով, որ այն ջերմ խոսքերը, որ ԱԺ-ի դահլիճում հնչել են նրա հասցեին, կգնահատվեն: «Հույս ունեմ, որ ձեր աշխատանքը հաջորդ գումարման Ազգային ժողովի հետ կլինի արդյունավետ և ի նպաստ մեր երկրի զարգացման ու հզորացման»,- ասաց Շարմազանովը:
Իր խոսքում ՎՊ նորընտիր նախագահ Լևոն Յոլյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին վստահության և իրեն կարևոր ու պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: «Տեղեկացնեմ, որ ես միշտ ուշադրությամբ հետևում եմ խորհրդարանի աշխատանքներին, և ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն բարյացակամ, ջերմ մթնոլորտը, որ տիրում էր այս դահլիճում իմ հարցի քննարկման ողջ ընթացքում: Ես շնորհակալ եմ բոլոր ելույթ ունեցողներին այն լավ գնահատականների համար, որ հնչել են իմ հասցեին: Դա նաև պարտավորեցնող է: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ընդունում իմ նշանակումը: Շատ լավ հասանում եմ, թե Վերահսկիչ պալատը ինչ մեծ դեր կարող է խաղալ երկրի տնտեսության զարգացման հարցերում: Վստահեցնում եմ ձեզ, որ ամեն ինչ կանեմ, որ կարողանամ այդ հաջողությունները նաև Ազգային ժողովի ու կառավարության հետ համագործակցության արդյունքում ապահովել: Ուրախ եմ, որ միաձայն եմ ընտրվում, հետագայում էլ կփորձեմ այնպես աշխատել, որ որևէ մեկը դեմ չլինի իմ գործունեությանը»,- եզրափակեց Լևոն Յոլյանը: