Այսօր խորհրդարանում փակ գաղտնի քվեարկությամբ գրանցված 101 պատգամավորից 99 կողմ ձայնով Լևոն Յոլյանն ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում: Լրագրողների հետ զրույցում ՎՊ նորընտիր նախագահը, խոսելով իր կողմից իրականացվող քայլերի մասին, ասաց, որ իր պաշտոնավարման ընթացքում անելու է ամեն ինչ, որպեսզի պալատն օգտագործի իր ողջ գործառույթները: «Բավականին բարձր է Վերահսկիչ պալատի անկախությունը, և կան բոլոր հնարավորություններն՝ այս մարմինը լուրջ վերահսկողություն իրականացնող, անկախ մարմին դարձնելու համար»:
Ըստ պաշտոնյայի՝ իրենց խնդիրն է լինելու՝ խորությամբ ուսումնասիրել ոլորտները և հանրությանը տալ նյութ, որն էլ կդառնա նրանց ուսումնասիրությունների առարկա:
ՎՊ նորանշանակ նախագահն անդրադառնալով իր նախորդի գործունեությանը՝ բարձր գնահատեց Իշխան Զաքարյանի հետ իր աշխատանքը՝ շեշտելով, որ անելու է ամեն բան՝ օբյեկտիվ աշխատանքի համար:
Ոլորտները կարգավորելու համար ի՞նչ քայլեր է իրականացնելու հարցին Լևոն Յոլյանը պատասխանեց շատ կարճ և կտրուկ.«Խոստումնե՞ր եք ուզում: Ես խոստում տվողը չեմ: Ամեն ինչ կերևա մեր աշխատանքից»: