Ավարտվեց «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը:

Մրցաշարի վերջին տուրում «Աէրոֆլոտ Օփեն»-ի «A» խմբում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթեցին, իսկ Մանուէլ Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նա իրավունք ստացավ մասնակցելու Դորտմունդում կայանալիք սուպերմրցաշարին:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց 6.5 միավոր վաստակած Եվգենի Նայերը: Լավագույն եռյակը եզրափակեց Վլադիսլավ Կովալյովը:
Սերգեյ Մովսեսյանը վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանն իրենց ակտիվում գրանցեցին 4-ական միավոր և զբաղեցրեցին, համապատասխանաբար, 64-րդ և 65-րդ հորիզոնականները, իսկ Հայկ Մարտիրոսյանը 3.5 միավորով հանգրվանեց 84-րդ տեղում:

«Աէրոֆլոտ Օփեն»-ի «B» խմբի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Գաբրիել Բատալյինին, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Հայաստանի երեք ներկայացուցիչները` Արամ Հակոբյանը, Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Քոթանջյանը առաջատարից հետ մնացին միայն մեկ միավորով և գրավեցին, համապատասխանաբար, 11-րդ, 14-րդ և 17-րդ հորիզոնականները: 16-ամյա Արամ Հակոբյանը նաև 14 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: «B» խմբում հաջող հանդես եկան նաև պատանի շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Դավիթ Միրզոյանը, ովքեր լրացրեցին միջազգային վարպետի նորմաներ:

«C» խմբում հաղթող դարձավ Գերման Բազեևը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Այս խմբում մեր ներկայացուցիչներից 16-ամյա պատանի շախմատիստուհի Արփինե Գրիգորյանը  9 հնարավորից վաստակեց 4 միավոր և 56 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: