Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խումբ–խումբ իր մոտ է կանչել մարզի գրեթե բոլոր գյուղապետերին և հանձնարարել աշխատել միայն իր «ձայների վրա»:
Մարզպետ Գրիգորյանը գյուղապետերից յուրաքանչյուրին խոստացել է ընտրություններից հետո 5000–ական դոլար բաժանել: Այն գյուղապետերին, որոնց չի կանչել իր մոտ ու խոստում չի տվել, հորդորել է աշխատել ուղղակի ՀՀԿ–ի ձայների համար:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը տարածված տեղեկությունները որակեց անհեթեթություն, նա չէր ցանկանում այդ մասին խոսել, բայց որոշ օբյեկտիվ պատճառներ մարզպետին ստիպեցին խոսել. «Քանի որ հրաշալի ձայն ունեք, կպատասխանեմ»,- ասաց նա:
«Ես գիտեմ՝ ով է նման լուրեր տարածող աղբյուրը, դրա համար՝ չեմ ուզում անդրադառնալ դրան: Ես ոչ մեկի չեմ հորդորել և չեմ հորդորելու, քանի որ ես համոզված եմ՝ հինգ տարիների իմ աշխատանքը հնարավորություն է տալիս, որ մարդիկ ճիշտ կոմնորոշվեն»,- ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:
Դիտարկմանը՝ Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ համոզված եք՝ հաղթանակ եք տանելու քաղաքական այս պայքարում, մարզպետը պատասխանեց.
«Ես չեմպիոն դառնալու մտադրություն չունեմ: Մենք թիմային աշխատանք ենք կատարելու»:
Նշենք՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն առաջադրվել է ՀՀԿ տարածքային ցուցակով, և զբաղեցնում է համամասնական ցուցակի 145-րդ տեղը:
Սոնա Հարությունյան