Սերժ Սարգսյան-Ֆրանսուա Օլանդ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահն, անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, կարևորել էր հակամարտության գոտում հրադադարի պահպանման հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունն՝ այն համարելով հրադարարը խախտող կողմերի համար պատժիչ մեխանիզմ:
Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագիտության թեկնածու Հայկ Սուքիասյանի հետ:


- Պարոն Սուքիասյան, նախագահ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում նորից կարևորվեց հետաքննության մեխնիզմների տեղադրման անհրաժեշտությունն, ինչի մասին լսում ենք արդեն ամիսներ շարունակ: Արդյո՞ք այս անգամ Մինսկի խումբը հստակ քայլեր կձեռնարկի նման սարքավորումների տեղադրման համար:

- Եթե Մինսկի խումբն ունենար հակամարտության գոտում վերահսկողական սարքավորումներ տեղադրելու իրական ցանկություն, նրանք վաղուց դա արել և հարցը փակել էին: Հիմա կոնֆլիկտի լուծումը մտել է փակուղի, դրա համար ձևացնում են, թե ինչ-որ գործ են անում: Ամիսներ շարունակ՝ ընդամենը խոսվում է այդ մասին, և պարզ է, թե ինչու. Մինսկի խմբի նպատակը և ստեղծման հիմքը ոչ թե արցախյան կոնֆլիկտը լուծելն է, այլ այդ կոնֆլիկտի կառավարումն է՝ ինչքան հնարավոր է՝ երկար: Սա ձեռնտու է Մինսկի խմբի համանախագահող երկրներին և առաջին հերթին՝ Ռուսաստանին: Եթե լիներ ցանկություն, Մինսկի խումբն Ադրբեջանին կպարտադրեր նման սարքավորումների տեղադրումը:

- Ի՞նչ պարտադրանքների մասին է խոսքը:

- Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել, հակառակ դեպքում՝ նման հայտարարություներն ու կոչերն ընդամենը կոնֆլիկտի կառավարման գործընթացի մեջ մտնող տեխնոլոգիաներ են, ուրիշ ոչինչ: Հիմա դրա մասին խոսեց Ֆրանսուա Օլանդը, նախկինում այդ սարքավորումների տեղադրման մասին խոսել էր Վլադիմիր Պուտինը, հաջորդը կարող է բարձրաձայնել ԱՄՆ նախագահը և այդպես շարունակ: Տեղադրելու ժամանակ էլ կսկսեն խոսել, թե ինչպե՞ս պետք է տեղադրվեն դրանք, ովքե՞ր պետք է տեղադրեն, ե՞րբ ու նման շատ լիքը բաներ: Մինսկի խումբը սոփեստությամբ է զբաղված: Ակնհայտ է դառնում, որ Մինսկի խումբը նման հայտարարություններով կոնֆլիկտն է կառավարում, այն էլ՝ հրաշալի կերպով:

- Վերահսկողական սարքավորումների տեղադրումը ենթադրում է նաև որոշակի սահմանագծում, ինչից խուափում է Ադրբեջանը: Եթե Մինսկի խումբը դնում է սարքավորումներ տեղադրելու անհրաժեշտությունը և չի մատնանշում սահմաններն ու տարածքները, արդյո՞ք սա ձևական բնույթ կրող գործընթաց չի դառնում:

- Այո՛, պետք է շատ հստակ ասել, թե որ տարածքների վրա պետք է տեղադրվեն նման սարքավորումները: Մինսկի խումբը պետք է այդ մասին խոսի: Վերահսկողական մեխանիզմները պետք է տեղադրվեն այն տարածքներում, որոնք Արցախի սահմանադրությամբ պատկանում են ինքնիշխան Արցախին:

- Ռուսաստանը շարունակում է իր վերահսկողությունը պահել ողջ Կովկասում, մասնավորապես՝ չի թուլացնում զգոնությունն՝ Արցախի հարցում: Ի՞նչ զարգացումների ականատես կլինենք՝ կիրառվող ձևաչափի համատեքստում:


- Ստեղծված ձևաչափը՝ «տարածքային ամբողջականություն» և «ազգերի ինքնորոշում և խաղաղություն», պատերազմական ձևաչափեր են: Այս սկզբունքները հնարավոր չէ իրար հետ կիրառել և կիրառել խաղաղ: Մինսկի խումբն այս ձևաչափերն իրար կողքի է դրել, որ կոնֆլիկտը միշտ թեժ պահի, քանի որ սրանք դնում եք իրար կողքի՝ առաջանում է պատերազմ, առաջանում է քաոս, որն էլ իրենք կառավարում են: Հիմա առաջացել է փակուղային իրավիճակ: Խնդիրը այս ձևով լուծում չունի: Ինձ թվում է՝ Ադրբեջանում էլ են սա հասկանում:

Արցախյան խնդրի լուծման միակ ուղին կիրառվող ձևաչափը փոխելն է: Արցախը պետք է առաջ տանի 1960 թվականի դեկտեմբերի 14-ի՝ գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին հռչակագիրը: Սա բխում է կոնֆլիկտի էությունից: Իսկ ներկա ձևաչափը բխում է Մինսկի խմբի երկրների շահերից: Այս հռչակագրի կիրառումը Արցախի հարցում այսօր առավել քան արդիական է և և հարմար այն կարևոր պատճառով, որ ՄԱԿ-ը 2011-2020 թթ. հայտարարել է «Գաղութատիրության վերացման երրորդ միջազգային տասնամյակ»: Իսկական, պատեհ ժամանակ է՝ այս ձևաչափով Արցախին մտցնել բանակցային գործընթաց:

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի