Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ի տարածքային թեկնածու Հարություն Կարապողոսյանը հայտնվել է անհարմար վիճակում։ Համայնքից հասնող տեղեկությունների համաձայն, թեկնածուն ֆինանսական խնդիրներ ունի ու չի կարողանում վճարել շտաբների վարձակալության վճարները։ Սա դժգոհություն է առաջացրել շտաբների պատասխանատուների շրջանում, ովքեր տարածքներ են վերցրել, հիմա վարձի ժամանակն է, բայց Կարապողոսյանը «թռած» է․ մի քանի անգամ դիմել են նրան, բայց նա կապի դուրս չի գալիս։
Ըստ աղբյուրի՝ թեկնածուի հովանավորը թաղային հեղինակություն՝ «էրեբունցի Պիստն» է։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը մեկնաբանություն ստանալու համար զրուցեց Հարություն Կարապողոսյանի հետ, ով հանրության մեջ հայտնի է հատկապես «Սնխչի Հարութ» կեղծանունով: Հարցը լսելուն պես՝ Կարապողոսյանն ասաց. «Դուք էլ անմիջապես զանգել եք՝ ճշտելու՝ ֆինանսական խնդիրներ ունենք, թե՝ ո՞չ»:
Երբ նշեցինք՝ պարզապես մեկնաբանություն ենք ուզում ստանալ, Կարապողոսյանը պատասխանեց հակիրճ՝ նշելով, որ ինքը նման խոսակցություններ չի մեկնաբանում:
Հարցին պատասխանելու մեր պնդումներին պատգամավորի թեկնածուն ասաց. «Ես ոնց որ ձեր հարցի պատասխանը տվեցի, «այսինքն» պետք չի՛ ասել, սիրելի՛ս»,-ապա, անգամ չլսելով մեր հաջորդ հարցը՝ անջատեց հեռախոսը:
Մինչ այս բազմիցս ենք փորձել կապ հաստատել Հարություն Կարապողոսյանի հետ, սակայն նա մշտապես խուսափել է մեզ հետ շփումից և լսելուն պես, որ լրագրող է իրեն զանգահարողը՝ միանգամից անջատել է հեռախոսը:
Պետք է միայն նկատել, որ լրագրողների հետ չշփվող և ընտրությունից ընտրություն հասարակության հետ շփվող պատգամավորների պակաս մեր երկրում չկա, հավելումների կարիք՝ առանձնապես չենք զգում: