Ծանրամարտի Հայաստանի պատանեկան (մինչեւ 17 տարեկաններ) հավաքականը նախապատրաստվում է Թաիլանդում կայանալիք այդ տարիքային խմբի աշխարհի առաջնությանը:
Ավագ մարզիչ Էդուարդ Կիզողյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մարզչական շտաբը ՀԾՖ-ի հետ միասին արդեն որոշել է, թե ովքեր են ընդգրկվել թիմի կազմում:
Նրանք են. 56 կգ՝ Խաչիկ Հարությունյան, 62 կգ՝ Բաբկեն Բագրատյան, 69 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան և Արմեն Գրիգորյան, 77 կգ՝ Կարեն Մարգարյան և Տիգրան Ամիրյան, 94 կգ՝ Արսեն Դադայան և Յաշա Մինասյան:
Աշխարհի առաջնությունում խաղարկվելու են նաեւ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշեր:
«Յուրաքանչյուր երկիր՝ առավելագույնը օլիմպիական երկու ուղեգիր կարող է ստանալ: Դրա համար անհրաժեշտ է թիմային պայքարում տեղ զբաղեցնել լավագույն յոթնյակում: 8-ից 17-րդ տեղերը տալիս են ընդամենը մեկ ուղեգիր: Մենք պայքարելու ենք առավելագույնի համար»,-ասաց Էդուարդ Կիզողյանը: