19:20

Երթի մասնակիցները նստել են Մաշտոց-Ամիրյան խաչմերուկին:

18:50

Այս պահին երթը դեպի ՀՀ կառավարություն մեկնարկել է:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մաշտոցի պողոտայում երթի մասնակիցները վանկարկում են՝ «Հաց բերողին սպանել են»։ Նրանք մերթ ընդ մերթ կանգնում են փողոցում, անգամ փորձեցին փողոցը փակել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

Այս պահին Ազատության հրապարակում հավաքվել են քաղաքացիներ, ովքեր պահանջում են «Հաց բերողի» մահվան մեջ մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ։ Հավաքվածների պահանջն է նաև, որ Արթուրը պետք է հուղարկավորվի Եռաբլուրում, ՝ հավաքվածների ամենագլխավոր պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է։

Շահեն Հարությունյանն իր ելույթում ասաց, որ Արթուր Սարգսյանի գործ ասելով՝ պետք է հասկանալ մեր գործը, որի ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա Հաց բերողը։ «նա մինչև մահ գնաց... Այսօր երազում Արթուրին եմ տեսել, ինքը մեզ էր նայում։ Չեմ ցանկանում ուրանալ նրա մահը։ Նա զոհվեց, ինչպես կզոհվեր իսկական հերոսը։ Մեր հերոսին թշնամին սպանեց։

Արթուրը արժեքների համախմբում էր։ Դժվարանում եմ խոսել։ Երբ մենք այստեղ՝ Ազատության հրապարակում նստացույց էինք անում նրան ազատ արձակելու պահանջով, դուրս եկավ նա, փոքր ցնծություն ունեինք, բայց չէինք բարձրաձայնում։ Մենք պետք է ամեն օր երթ անենք»,- ասաց Շահենը, և հավելեց՝ պահանջը քիչ անց ներկայացնելու են ՀՀ կառավարությանը։

Նշենք, որ Արթուր Սարգսյանի մահվան դեպքով ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

«Նկատի ունենալով, որ նյութերում առկա են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ենթադրյալ ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան։ Արսեն Սարգսյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին եւ նրա ներկայացուցիչներին»,-ասված էր Քննչական կոմիտեի հայտարարության մեջ:

Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com-ի.