Հայ օպերային երգչուհի, սոպրանո, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը «Հաց բերողի» հուղարկավորության արարողության ժամանակ հայտարարեց, որ սրտի խոր ցավով է հրաժեշտ տալիս Արթուրին:

 

«Երկիր մոլորակի վրա արդյոք կա՞ իրեն քաղաքակիրթ կամ քրիստոնյա համարող որևէ երկիր, որն այդպիսի վերաբերմունք ցույց կտար մարդ էակին: Իհա՛րկե ոչ: Երկար տարիներ ապրելով Եվրոպայում, ծանոթ լինելով արժեհամակարգին ու արդարադատությանը, կարող եմ ասել, որ մենք չկարողացանք պահել, պահպանել, փայփայել իր յուրայինին սիրող, իր յուրայինին հաց բերող մարդու տեսակը:

 

Ես այս օրերին իմ իմացած լեզուներով փորձում էի թարգմանել, պատմել իմ ծանոթներին Արթուր Սարգսյանի արարքի մասին, բայց երևակայեք՝ չկարողացա հաջողել, որովհետև այս ամենը հասկանալու համար պետք է հայ լինել: Արթուրի ֆենոմենը հասկանալու համար հարկավոր է հայ լինել: Երկրի ղեկավարները կգան ու կգնան, յուրաքանչյուրը կմնա իր արած գործերով, բայց մեր սիրելի Արթուրի հիշատակը կուղղորդվի միայն աղոթքներով: Շնորհակալությո՛ւն, հավերժի ճամփան բռնած սիրելի Արթուր, անգին հայորդի»,- ԼՈւՐԵՐ.com-ի փոխանցմամբ, հուզմունքով ասաց Հասմիկ Պապյանը: 

 

«Հաց բերողը» մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ մարտի 16-ին՝ մարդկային անտարբերության հետևանքով: