Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ՀՀ նախկին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը տարատեսակ քննադատությունների ալիք բարձրացրեց: Նախկին նախագահը ողջ եթերաժամանակն օգտագործեց իր կուսակցության խաղաղության ծրագիրը ներկայացնելով, որն իրենից ենթադրում է արցախյան հողերի հանձնումը Ադրբեջանին:
Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ, ով համամիտ չէ արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ առաջին նախագահի տրամաբանության հետ. «Համամիտ չեմ կապված այն բանի հետ, թե ինչ տրամաբանությամբ է ընդունում հարցի կարգավորման գործընթացը: Կապված նրա հետ, թե ինչ փոխհարաբերությունների մեջ են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները, միջնորդները, այստեղ ճշտումներ կային, որոնց առաջին նախագահը չանդրադարձավ»:
Եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, չէր մասնակցի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բանակցային գործընթացներին. նախագահի այս տեսակետին քաղաքագետը չհամաձայնեց, նշելով՝ եթե Ադրբեջանը չմասնակցի այդ գործընթացներին, ապա ինքն իրեն խնդիրների առաջ կկանգնեցնի:
Անդրադառնալով այն տեսակետին, որ Արցախի հարցի լուծումը Ռուսաստանի ձեռքում է, քաղաքագետը նշեց. «Ճիշտ է ասում. Ռուսաստանի ձեռքում է, և նման պրոցեսները նրան ձեռնտու չեն: Սակայն, կա նաև հաջորդ հարցը՝ Ռուսաստանին ձեռնտու չէ հարցի վերջնական կարգավորումը:
Իհարկե, խնդրի լուծման բանալին Ռուսաստանը գողացել և պահում է իր ձեռքում, պետք է նշել նաև այն, որ կոնֆլիկտի հրահրման բանալին ևս նրա ձեռքում է»,- ասաց նա, ավելացնելով՝ այս մասին, սակայն, Տեր-Պետրոսյանը ոչինչ չասաց:
Թե որ փուլից Արցախը պետք է մասնակցի հարցի կարգավորման բանակցություններին, առաջին նախագահը նշեց՝ «Չկա էդպիսի հարց հիմա դրված: Կգա մի պահ, երբ մասնակից կդառնա այդ գործընթքացին: Ես գիտեմ՝ երբ կգա ադ ժամանակը»: Անդրադառնալով այս ձևակերպմանը՝ քաղաքագետն ասաց. «Եթե խոսում ենք Արցախի հարցի կարգավորման մասին, ապա բնական է՝ հարցն առանց Հայաստանի չի կարգավորվելու»:
Սոնա Հարությունյան