ԼՈւՐԵՐ.com-ի հարցազրույցը Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
-Տիկի՛ն Ալավերդյան, նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ի՞նչ պետք է ակնկալել այս համաձայնագրի ստորագրումից:
-Երբ Եվրոպայի խորհրդի հետ մենք սկսեցինք համագործակցությունը, շատ ավելի դրական սպասելիքներ ունեինք: Բայց պետք է նշեմ, որ մեր հայեցակարգը պետք է հստակ լինի, չպետք է մնանք ցանկությունների դաշտում և պետք է ընդունենք, որ Եվրոպայից կստանանք այնքան, որքանով կկարողանանք մեր դեմքը ներկայացնել այնտեղ: Լինի մարդու իրավունքներ, միջազգային հարաբերություններ կամ անվտանգության խնդիրներ՝ բոլոր ուղղություններով պետք է հաստատված հայեցակարգ ունենանք, որն իրականություն դարձնու համար պետք է ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերենք:
-Հնարավո՞ր է, որ այս համաձայայնագիրը բացասական ազդեցություն ունենա ՀՀ-ՌԴ-ԵՏՄ հարաբերությունների վրա:
- Ես կարծում եմ, որ տեղի կունենա հակառակ գործընթացը՝ հաշվի առնելով ՌԴ-ի վատ հարաբերությունները՝ Եվրոպայի հետ: Հիմա տեղին և պատեհ ժամանակն է Եվրոպայի հետ մեր հարաբերությունները լավացնելու համար: Ես վստահ եմ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի տակ թաքնված են առաջին հայացքից չերևացող, բայց անչափ դրական հնարավորություններ՝ հենց Ռուսաստանի համար:
-Ստացվում է՝ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին շրջանի այցերը Եվրոպա, մասնավորապես՝ Բրյուսել, տվեցին ցանկալի արդյունքը, որից կարող է օգտվել նաև Ռուսաստա՞նը:
-Միանշանակ՝ այո՛, դա մենք չենք կարող մերժել, որպես ստորագրված փաստաթուղթ՝ դրական գնահատականի է արժանի այս համաձայնագրի նախաստորագրումը: Բայց մյուս կողմից՝ պետք է հետևենք, թե գործնական քայլերի մակարդակում այդ փաստաթուղթն ի՞նչ կիրառություն կունենա և ի՞նչ կկարողանանք անել:
-Այսինքն, կասկածներ ունենք, որ փաստաթղթի դրույթները կմնան թղթի վրա՝ իրականություն չդառնալո՞վ:
-Դա չի բացառվում, հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի և մեր քաղաքացիական հասարակության գնահատականների միջև տարբերությունները: Նրանք պետք է կարողանան ճիշտ ընկալել քաղաքացիական հասարակության շատ ու շատ գնահատականներ: Նախկինում քաղաքացիական հասարակության և Եվրոպայի խորհրդի շատ գնահատականներ՝ պարզապես իրար հակասում էին, և Եվրոպայի կողմից մենք տեսնում էինք շատ չեզոք գնահատականներ:
-2013 թ. Ասոցացման համաձայնագրի և ներկայիս Ընդլայնված ու համապարփակ գործընկերության համաձայնագրի տարբերություններն ու նմանությունները որո՞նք են:
-Նախկին Ասոցացման համաձայնագրի ողջ բովանդակությանը հայ հասարակությունն այդպես էլ չծանոթացավ: Մենք չենք տեսել երբեք այդ համաձայնագրի փաստաթղթերը՝ թեպետ հեռակա կարգով գիտենք, որ այն ծավալուն է եղել: Ներկայիս Ընդլայնված ու համապարփակ գործընկերության համաձայնագիրն, ըստ իմ ունեցած տեղեկատվության, շատ ավելի փոքր ընդգրկում ունի, բայց, միևնույնն է, հաջողված քայլ էր սա:
-Փաստորեն, Սերժ Սարգսյանի և-և-ի քաղաքականությունն ու խոստումը վերջապես իրականություն դարձա՞ն:
Այո՛, հիմա այդ փուլում ենք: Պետք է նշեմ, որ Սերժ Սարգսյանը կարողանում է ճիշտ ժամանակին անել այնպիսի քայլեր, որոնց արդյունքների մասին մենք հետո կարող ենք իմանալ, բայց այս փուլում նրա կատարած այս քայլը դրական գնահատականի է արժանացել ինչպես Եվրոպայում, այնպես էլ՝ Հայաստանում:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի