Մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նախաստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ): ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը, խոսելով այն մասին, թե ինչ կարելի է ակնկալել համաձայնագրի ստորագրումից, նշեց, որ այդ թղթով եթե ԵՄ-ն Հայաստանի վրա որևէ պարտավորվածություն չի բանեցնում, ուրեմն ինքը նորմալ է ընդունում այս համագործակցությունը:

 

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային անվտանգության օրակարգի մեջ մտնում է մի կարևոր դրույթ՝ ՀՀ-ն պետք է ավելի շատ հարաբերություններ ունենա տարբեր կառույցների հետ՝ ապահովելով այդտեղ իր ներկայությունը:


Ըստ Տիգրան Քոչարյանի՝ վերը նշված համաձայնագիրը, եթե որևէ լրացուցիչ պարտավորվածություն չի դնում Հայաստանի վրա, ինչպիսին կարող են լիել քարոզների անցկացումը և այլն, ապա ինքը սա շատ դրական քայլ է համարում՝ դիվանագիտական ասպարեզում:

 

Քաղաքագետը, սակայն, ցավով նշեց, որ շատ հաճախ Եվրամիությունը ուղղակի թուղթ է ցույց տալիս այլ երկրների հետ աշխատելու համար և ավելորդ պարտավորեցնող պահանջներ է դնում. «Ես հուսով եմ, որ նախաստորագրելուց հետո, ուղղակի պետք է զգուշացնել, որ այդպիսի բաներ Հայաստանում ուղղակի պետք չի արծարծել»:


Հարցին՝ ինչպե՞ս կանդրադառնա այս համաձայնագիրը  Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա և արդյոք Ռուսաստանը ձեռքերը չի՞ լվանա Արցախի հարցում, քաղաքագետը պատասխանեց.

 

«Ինձ չի թվում, թե երբևէ Ռուսաստանը կփորձի հրաժարվել Արցախից, որովհետև իրեն ձեռք է տալիս չլուծված հակամարտությունը, քանի որ կարողանում է ազդել կողմերի վրա»: 


Ըստ մեր զրուցակցի՝ նախաստորագրումը ինչ-որ ձևով համաձայնեցված է եղել Ռուսաստանի հետ, որովհետև Հայաստանը բազմիցս ասել է՝ իր դիրքով և իր տրամադրվածությամբ դեպի եվրոպական աշխարհ, միշտ պատրաստ է կապ հաստատել Եվրոպական միության և ԵՏՄ-ի հետ:


Դիտարկմանը՝ համաձայնագրի նախաստորագրումը համընկավ քարոզարշավի հետ և արդյոք երկար ժամանակ չի՞ անցնի, մինչև բուն ստորագրումը, Քոչարյանը նկատեց՝ գուցե ուղղակի համընկել է:

 

Ըստ նրա՝ տարբեր երկրներ տարբեր ձևով են մտնում Եվրոպա, այստեղ պետք է հասկանալ ԵՄ-ի կողմից այս քայլի դրդապատճառները. «Հարկավոր է հասկանալ՝ որն է Եվրոպայի իրական դրդապատճառը. ցանկանում են Հայաստանին տեղ տալ և օգնած լինել ճիրաններից դուրս գալո՞ւ, թե՞ ինչ-որ քաղաքական խաղ է սա:


Պետք է շատ զգույշ լինել, ոչ թե վախենալ Ռուսաստանից. ուղղակի այն երկրները, որոնք հակառուսական դիրք են բռնում, տարածքային կորուստներ են ունենում, ինչպես եղավ վերոնշյալ երկրների դեպքում»,- ասաց նա՝ եզրափակելով, որ մեր իշխանությունները պետք է խոհեմ լինեն և յուրաքանչյուր քայլ անելուց առաջ հաշվարկներ անեն:

 

Սոնա Հարությունյան