Մարտի 24-ին Ազատության հրապարկում կրկին հավաքվել էին «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարող երիտասարդները: Նրանք նեղսրտած են՝ ասելով, որ մարդիկ միայն սոցիալական ցանցերում են ակտիվություն ցուցաբերում և ամպագոռգոռ բառեր հնչեցնում:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ցույցերի ակտիվ մասնակից և կազմակերպիչ Շահեն Հարությունյանը ցավով նշեց, որ մարդիկ դուրս չեն գալիս պայքարի, իսկ իրենք ոչինչ չեն պատրաստվում անել. «Բացառապես ոչ մի բան չենք անելու, վաղն էլ գնալու ենք տուն: Չեմ ուզում՝ 20-30 հոգանոց հավաքներ լինեն»: 

Նրա խոսքով՝ «Մարդիկ անգամ Արթուր Սարգսյանի մահից հետո դուրս չեն գալիս պայքարելու՝ պատճառաբանելով, իբրև թե մենք անլուրջ ենք: Խնդիր չկա, թող իրենք իրենց ձևով պայքարեն: Մենք միշտ պայքարել ենք, ամեն ինչ փորձել ենք անել՝ վտանգելով մեր կյանքը և շարունակելու ենք պայքարել: Մեկ տարի առաջ իմ կողքին կանգնում էր հինգ հոգի, ովքեր կիսում էին իմ գաղափարախոսությունը, սակայն, այսօր իմ կողքին 30-40 հոգի է կանգնած, պետք է մեծացնեմ այդ թիվը»: 

Հիշեցնենք՝ «Հաց բերողը» մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ մարտի 16-ին, վիրահատությունից ժամեր անց՝ սիրտ-անոթային անբավարարությունից, թոքերի տոտալ այտուցից: Նկատի ունենալով, որ նյութերում առկա են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ենթադրյալ ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Սոնա Հարությունյան