Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակած ձայնագրությունները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելու մասին լուրեր-ը:
«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոաննիսյանից, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ: Կլսենք, կիրազեկենք դիրքորոշումների մասին»,- նշեց Մուկուչյանը: Նա չհստակեցրեց, թե երբ կավարտվեն ուսումնասիրությունները՝ հավելելով, որ դա կախված է աշխատանքի ծավալից:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը մարտի 24-ին հրապարակել է հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակն ու նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ: