Սումգայիթ (ադրբ. Sumqayıt). քաղաք Ադրբեջանում, որը գտնվում է Կասպից ծովի ափին, Բաքվից 30 կմ հյուսիս։ Քաղաքի բնակչությունը մոտ 357,900 մարդ է, տարածքը՝ մոտ 83 կմ², այն Ադրբեջանի 3-րդ խոշոր քաղաքն է։

Սումգայիթի ներկա տարածքում առաջին բնակավայրեր են եղել 16-րդ դարի վերջերից։ 1935-ին Խորհրդային իշխանությունները որոշում են կայացրել այդ տեղանքում զարգացնել ծանր արդյունաբերություն։ 1938-1941 թվականներին կառուցվեց ջերմաէլեկտրակայանը որը պետք է էլեկտրականությամբ ապահովեր Բաքվի զարգացող նավթաարդյունաբերությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցվեցին քիմիական և մետաղագործական համալիրներ։ Արդյունաբերության զարգացումը բնակչության մեծ հոսք ապահովեց, և 1949-ի նոյեմբերի 22-ին Սումգայիթը ստացավ քաղաքի կարգավիճակ։

Սումգայիթը աշխարհին առավել հայտնի դարձավ 1988-ի փետրվարի 26-ից հետո, երբ այդ քաղաքում սկսվեցին կազմակերպված և պլանավորված հայկական բնակչության ջարդեր։ Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններն էին ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այնպես էլ՝ Ղարաբաղյան պատերազմի բռնկման։

1988 թվականի փետրվարի 26-29-ը ադրբեջանական Սումգայիթ քաղաքը հեղվեց հայերի արյամբ։

Վաղ առավոտից սկսվեց հայերի՝ մանրակրկիտ կազմակերպված և նախապատրաստված դաժան ջարդը։

Այդ օրերին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին տասնյակ և սպանվեցին 53 մարդ, ընդ որում, սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց հայ բնակչությանը պաշտպանելու համար: Ադրբեջանցի հրեշն արդեն արել էր իր սև գործը…

Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցավ ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման մեջ։

Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման արդյունքում Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվեց հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ: 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը՝ առնվազն կես միլիոն մարդ:

Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:

1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունվել է Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում, մասնավորապես, ասվում է.

«Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923 թ.-ին այս մարզ' կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը,և նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»:

Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար: Հակառակը՝ Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես զոհ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյամարտը ներկայացնելով որպես «ագրեսիա»՝ կոպտորեն աղավաղելով փաստերը, իսկ հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացրած ոճրագործները մինչ օրս մնում են անպատիժ:

Այդ օրերին հազարավոր մարդիկ զոհ գնացին խուժանի բռնությանը։ Կատարվածի մասին կան բազմաթիվ ֆիլմեր, տեսանյութեր, փաստեր և վկայություններն։ Եղավ դատավարություն։ Նույնիսկ ադրբեջանական պաշտոնական մամուլն արձանագրեց հայերի սպանության փաստը։

Այնուամենայնիվ, Սումգայիթի ջարդերից 25 տարի անց էլ հարցն իրավական լուծում դեռ չի ստացել։