ԼՈւՐԵՐ.com-ի հարցազրույցը՝ «Ծառուկյան» դաշինքից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Արտավազդ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, քարոզարշավը մոտենում է իր ավարտին: Ի՞նչ հասցրեցիք անել, ի՞նչը կիսատ մնաց:
-Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն անցկացրել և անցկացնում եմ անձամբ՝ քաղաքացիների դռները թակելով և նրանց հետ զրուցելով: Եթե մինչ քաղաքացիների հետ իմ զրույցը տաս քաղաքացուց հինգն արդեն կողմնորոշված էր դաշինքի օգտին, ապա երկուսն ինձ հետ զրույցից հետո էին որոշում, որ պետք է քվեարկեն Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված դաշինքի օգտին: Մեր ասելիքը կարողացանք հասցնել քաղաքացուն, և դրանով է պայմանավորված, որ Դաշինքի ռեյտինգը քարոզարշավից առաջ և հետո շատ արագ տեմպերով է աճում:
-Այս օրերին շատ է խոսվում ընտրակաշառքների մասին և կարծես թե՝ թիրախում մարզերն են: Ձեր անձնական շփումներից ի՞նչ հասկացաք, պատկերն ինչպիսի՞ն է:
-Այսօրվա ծանր սոցիալական դրությունն անգամ չի կարող ստիպել քաղաքացուն՝ գնալ այդ 10 հազար դրամների հետևից: Վստահ եմ՝ վճռականորեն գնալու են ճիշտ որոշում կայացնելու: Դրանում համոզվեցի, երբ նստում էի նրանց դիմաց, շփվում և խոսում իրենց հետ:
-«Ծառուկյան» դաշինքը զերծ չմնաց քննադատությունից: Առաջարկվող 15 կետերը դարձան քննադատության թիրախ: Ի՞նչ պատասխան կտաք ձեր քննադատներին:
-Ես պետք է պատասխանեմ այդ քննադատություններին այսպես. Դաշինքի 15 կետերը գրվել են լուրջ տնտեսագիտական վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում: Ե՛վ թոշակները բարձրացնելու, և՛ վարկային բարեփոխումների վերաբերյալ գրված կետերը շատ հստակ և ռեալ են. չէ՞ որ պետք է հասարակությունը հարստահարող բանկերին կանգնեցնել, երկիրը կեղեքող ստվերը բերել հարկային դաշտ: Ի՞նչն է այստեղ պոպուլիստական: Ես չեմ կարողանում հասկանալ 15 կետերի վերաբերյալ այդ անիմաստ քննադատությունները: Չէ՞ որ ստվերը վերացնելով՝ կարելի է երկրի պետական բյուջե ուղղորդել հսկայական գումարներ:
-Այս օրերին հնչում են տեսակետեր, որ «Ծառուկյան» դաշինքը կգնա համագործակցության: Հերքո՞ւմ, թե՞ հաստատում եք դա:
-Երբ պարոն Ծառուկյանն ասաց, որ մենք հարկ եղած դեպքում կգնանք կոալիցիայի, նա ամենևին էլ ի նկատի չուներ «Հանրապետական» կուսակցությանը: Խորհրդարանում մեծամասնություն ձեռք բերելու համար մենք պարտավոր ենք պահպանել մեզ տրված քվեն և անհրաժեշտության դեպքում՝ գնալ կոալիցիայի որևէ դաշինքի կամ կուսակցության հետ: Պետք չէ Գագիկ Ծառուկյանի մտքերը նենգափոխել, կոալիցիա՝ չի նշանակում «Հանրապետական»-ի հետ համագործակցություն: Մի բան ակնհայտ է, որ հսկայական թիվ են կազմում այն քաղաքացիները, ովքեր վստահում են Գագիկ Ծառուկյանին, իսկ նա դա չի փոշիացնի, իր խոստումներն իրականություն կդարձնի:
-Եվ վերջում, որպես երիտասարդ թեկնածու՝ բացահայտեցի՞ք՝ Ձեզ համար ո՞րն է Գագիկ Ծառուկյանի ֆենոմենը: Ինչո՞վ է պայմանավորված հասարակության այդչափ մեծ վստահությունը:
-Բացահայտեցի. պատճառը նրա պարզությունն է:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի