Լուսանկարչուհի Լենա Մուհան հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս առաջին կին ծառայողներին՝ մի քանի տասնամյակի պատմություն ունեցող հակամարտությունում: Այս մասին գրում է Washingtonpost-ը՝ ներկայացնելով հայկական բանակում ծառայող աղջիկների ու երիտասարդ կանանց մասին հրապարակումը:
Ըստ հրապարակման՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում առաջին անգամ աղջիկներ են ռազմական ակադեմիա ընդունվել 2014-ին, իսկ Ստեփանակերտում՝ անցած տարի. «Անցած տարի Կովկասում Ադրբեջանի և էթնիկ հայերի զինված ուժերի միջև մի քանի բախումները պատճառ հանդիսացան, որ շատ երիտասարդ կանայք ու աղջիկներ մի կողմ դնեն ավանդական գենդերային դերն ու զենք վերցնեն»:
Պարբերականի տեղեկացմամբ՝ լուսանկարիչն այցելել է Երևանի ու Ստեփանակերտի ռազմական բարձրագույն հաստատություններ. «Չնայած շատ ընտանիքներ ունեն բանակում ծառայողներ, բայց կանանց ծառայելուն դեմ են»,- նշել է լուսանկարիչը:
Երևանի ռազմական ակադեմիայի հրամանատարներից մեկն էլ նշել է, որ կանայք չպետք է բանակում լինեն, քանի որ դա նրանց տեղը չէ, և նրանք ուղղակի նման չեն տղամարդկանց:
Անկախ առկա որոշ խոչընդոտներից՝ աղջիկներն ու երիտասարդ կանայք միմյանց հետ ստեղծել են ամուր կապեր. «Սովորաբար, երիտասարդ կինը չի լքում ծնողների տունը, քանի դեռ ամուսնացած չէ: Ամուսնանալուց հետո նա ապրում է ամուսնու ընտանիքի հետ: Կարծում եմ, որ նաև այս պատճառով է, որ կանայք ամուր ընկերություն են ստեղծում, նրանք ավելին են, քան կուրսընկերները, նման են ընտանիքի»,- նշել է լուսանկարիչը: