ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչի կողմից պապի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1985թ ծնված Ա.Հակոբյանը մուտք է գործել պապի՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարան, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխի և դեմքի շրջանում, ապա՝ հափշտակել պապի մոտ առկա կանխիկ գումարը, նրա բջջային հեռախոսը և դիմել փախուստի։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։