Սարի թաղի հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների հարազատները արդեն մի քանի օր է շարունակում են նստացույց իրականացնել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում կալանավորվածների հարազատները նշեցին՝ իրենք պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին:
Մեզ հետ զրույցում Հարություն Թորոսյանի մայրը՝ Նազիկ Թորոսյանը նշեց, որ տղաները դուրս էին եկել փողոց սոցիալական հարցի համար. «Նրանք դուրս էին եկել, որպեսզի միացնեն ջուրը, գազը, լույսը, սակայն, բախում առաջացավ ոստիկանների և նրանց միջև, որի արդյունքում` սարիթաղցի 10 տղաները ձերբակալվեցին: Ոչ մի ծանր մարմնական վնասվածք չկա, ամբողջը հեքիաթներ են: Ճիշտ է, վիճաբանություն տեղի է ունեցել, բայց դա եղել է կենցաղային հողի վրա:
Դատական նիստերը ընթանում են անօրինական ձևով, ոչ մի տուժած չի ճանաչում մեր տղաներին, և նրանց դեմ հստակ ապացույց չկա, բայց նրանց դատում են: Մենք առայժմ նստացույց ենք իրականացնում, հույս ունենք՝ հաշվի կառնեն և որևէ բան կանեն տղաների օգտին: Նման անտարբերություն չէի սպասում, չեմ հասկանում՝ ինչ են ուզում մեր ժողովրդից: Սա ցուցադրական պատիժ է, թե՝ տեսե՛ք, ոտքի չկանգնե՛ք, ձայն չբարձրացնե՛ք, բոլորիդ սա է սպասվում»:
Լալա Բեռնեցյանը մեզ փոխանցեց, որ իրենց են միացել Ազատության հրապարակում օրեր շարունակ ցույցեր իրականացնող ակտիվիստները և միասին պայքարելու ենք մինչև վերջ:
Նրա խոսքով՝ իրենց պահանջին դատախազությունից չեն արձագանքել. «Մեզ չեն մոտենում, որովհետև ասելու բան չունեն, իրենց լղոզված տեքստերը մեզ չեն բավարարում: Մենք հստակ պահանջ ունենք, թող բարի լինեն մեր պահանջին պատասխան տան»:
Նշենք, որ այսօր ֆեյսբուքյան իր էջում շուրջ 9 ամիս առաջ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ կալանավորված Սարի թաղի 10 բնակիչների գործին անդրադարձել էր նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Էդուարդ Զեյթունյանը, Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին Մովսես Խորենացի փողոցին հարող փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նույն պահանջով հացադուլ է հայտարարել Էդուարդ Զեյթունցյանը: Հացադուլ էր հայտարարել նաև` նույն գործով ձերբակալված Կարեն Վանոյանը, սակայն վերջինս մարտի 17-ին դադարեցրեց այն:
Հավելենք՝ այս գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան, 10 սարիթաղցի կալանավորվել է։
Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com-ի
Սոնա Հարությունյան