Այսօր` մարտի 30-ին, տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը: Գարնանային աշխատանքները սկսվել են, նախարարը ներկայացրեց նախարարության իրականացրած աշխատանքները և առաջիկա ծրագրերը, այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում քարոզարշավին, որ քաղաքական ուժի ծրագրերն են իրատեսական գյուղատնտեսության ոլորտի համար, Իգնատի Առաքելյանը նշեց, որ ինքը չէ, որ պետք է գնահատի որևէ կուսակցության քարոզարշավը. «Եթե ես չեմ մասնակցում, չեմ կարող գնահատական տալ»,- ասաց նա՝ ավելացնելով. «Այն ծրագրերը, որոնք մենք ներկայացրել ենք մինչ քարոզարշավը, բնակչությունը թող գնահատի: Մենք վեց ամսվա ընթացքում իրականացրել ենք երկու ծրագիր՝ որոնք նախատեսված չէին՝ առանց բյուջեից լրացուցիչ գումար վերցնելու»

Անդրադառնալով հարցին՝ ո՞ր կուսակցության ծրագրերն են իրատեսական գյուղատնտեսության ոլորտի համար, նախարարն ընդգծեց, որ գյուղատնտեսությունն այնքան պարզ է, որ բոլոր ծրագրերը նման են իրար՝ «էժան վարկ, սուբսիդավորում, որոնք այսօր արվում են»:

Անդրադառնալով հարցին՝ գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրներից գյուղացիները դժգոհում են՝ նշելով, որ նույնիսկ ինքնարժեքը չեն կարողանում ստանալ, Իգնատի Առաքելյանը պատասխանեց.

«Դա գրեթե ամենամեծ խնդիրն է, որը հիմա ունենք, և որի լուծումն ունենք, միջոցը չունենք: Մենք մտածում ենք վերամշակողների համար ներդնել էժան վարկային ռեսուրս, որը կուղղվեր զուտ մթերմանը: Այս պահին մենք գումարի սղություն ունենք, այն, ինչ որ տնտեսել և դրել ենք, կտեսնենք: Ամեն դեպքում՝ ծրագիրը գրված է, որ կարողանանք մթերման այդ շրջանում թեթևացնենք գյուղացիների բեռը: Բոլոր դեպքերում՝ մենք ուզում ենք ստեղծել էժան ֆինանսական ռեսուրս՝ մթերողների համար», – նշեց նախարարը՝ ավելացնելով, որ կտեսնեն՝ կարողանո՞ւմ են այդ միջոցները հայթայթել, թե՝ չէ:

Խոսելով մթերողին տրամադրվող վարկային ռեսուրսների մասին, նախարարը նշեց, որ իրենց ծրագիրը նախատեսում էր մթերողին տալ 2-3 տոկոս վարկային ռեսուրս՝ այն պայմանով, որ 3 օր հետո գյուղացին ստանար այդ գումարը և գումարը փոխանցվելու էր անմիջապես գյուղմթերք իրացնողին:

Սոնա Հարությունյան