Այսօր՝ մարտի 31-ին,  «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրավիրել էր մամլո ասուլիս: Թեև նախապես տարածված հաղորդագրության մեջ նշված էր, որ այն կսկսվի ժամը 11:30-ին, սակայն ասուլիսը մեկնարկեց ժամը 12:00-ին: ՀՎԿ առաջնորդն ասուլիսին ներկայացավ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ:

 

Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ քարոզարշավի ողջ ընթացքը օպերատիվորեն լուսաբանելու համար՝ այս խորհրդարանական ընտրություններին լրագրողների աշխատանքը որակելով դրական և զերծ չարությունից: Խոսելով բուն ընտրությունների և դրանից հետո սպասվելիք արդյունքների մասին, ՀՎԿ առաջնորդը նշեց, որ իր կուսակցությունը կլինի առաջին եռյակում և իր եզրահանգումները հիմնված են իր քսանամյա քաղաքական գործունեության հիման վրա: 

 

Արթուր Բաղդասարյանը կտրականաես հրաժարվեց պատասխանել լրագրողներին հուզուղ հարցերին, և կանխելով իրեն ուղղված հարցադրումներն, ընդամենը մեկ նախադասությամբ կրկնեց արդեն մի քանի անգամ ասվածը. «Կոալիցիա կկազմենք, եթե ունենանք որոշումների վրա ազդելու իրավունք, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետ կապված՝ կասեմ հետևյալը. մեզ համար փոխզիջումն ավելի ընդունելի է, քան առճակատումը»: Սա ասելուց հետո Արթուր Բաղդասարյանը կայծակնային արագությամբ լքեց սրահը: 

 

ՀՎԿ առաջնորդի այս պահվածքից տպավորությունն այնպիսին էր, որ նա ասուլիսի է եկել ոչ թե հարցերի պատասխանելու, այլ ընդամենն իր երախտիքը հայտնելու, ինչը կարող էր անել նաև Հ 3-ի եթերից՝ առանց լրագրողներին երկար-բարակ սպասեցնելու:

 

Նշեմ, որ այս ասուլիսին անասելի լուռ էր նաև Հեղինե Բիշարյանը: Նա ասուլիսի մեկնարկից հետո ընդամենը բարի երթ մաղթեց բոլորին՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:

 

Աղավնի Սուքիասյան