«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորները մշակույթի գործիչների հետ ծառ տնկեցին' ի հիշատակ իրենց զոհված մարտական ընկերների: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դանիել Դավթյանի հետ պուրակում ծառ տնկեց ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ով լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնելով նախաձեռնութ յան հեղինակներին, նշեց, որ ծառատունկն իր մեջ կյանքի շարունակականության, կյանքը կանաչ ծառով հաստատելու խորհուրդն ունի: «Անցած տարվա չարագուշակ ապրիլից հետո եկել է այսօրվա ապրիլը և շուտով գնում ենք դեպի ապրիլի 24` հիշելու ոչ միայն մեր նահատակներին, այլ նաև մեր զոհված քաջորդիներին»,-հավելեց Մանսուրյանը:
Ծառատունկին մասնակից, մարտական դիրքերում վիրավորում ստացած Արմենակ Առուստամյանի խոսքով' ապրիլյան պատերազմից հետո հասարակությունը հասկացավ, որ 18-20 տարեկան տղաները ավելին կարող են անել: «Դասեր չքաղեցինք, դասեր տվեցինք, թեև մենք էլ ունեցանք զոհեր»,- ասաց նա:
Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության խմբի անդամ Հայկուհի Մինասյանը կարեւորեց վերականգնողական կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը: «Վերականգնողական բուժման բացակայությունը բազմաթիվ տղաների մոտ առաջացնում է ավելի մեծ հաշմանդամություն: Այսինքն տղաները, ովքեր կարող էին քայլել, շարժել ձեռքը, խոսել, տարիներ շարունակ մնացել են անուշադրության մեջ և, փաստորեն հաշմանդամությունը խորացել էր»,-ասաց նա: