«Ահազանգ. ահա թե ինչպիսի սոսկալի պայմաններում են աշխատում շտապօգնության աշխատակիցները» վերտառությամբ հոդվածում ներկայացրել էինք, թե ինչ պայմաններում են աշխատում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ թիվ 4 ենթակայանի աշխատակիցները, թե ինչ անմխիթար պայմաններ են շենքում: Նաև գրել էինք, որ բացի անմարդկային պայմաններից, թիվ 4 ենթակայանը, որը սպասարկում է Էրեբունի համայնքը, Արեշը, Նուբարաշենը, Ջրաշենը, Վարդաշենը, Խարբերդը՝ մասնակի, ընդամենը 4 բրիգադ ունի, ինչը բավական դժվարացնում է աշխատանքը, քանի որ այդքան մեծ տարածք սպասարկելու համար՝ հատկացված 4 բրիգադը չափազանց քիչ է: Բժիշկները հանգստանալու հնարավորություն գրեթե չեն ունենում: Նշենք, որ հիշյալ ենթակայանի 4 բրիգադն իր ամբողջ անձնակազմով օրական մոտավորապես 70-90 կանչ է իրականացնում: Բուժանձնակազմը ստանում է մոտավորապես 100-160 հազար դրամ աշխատավարձ:
Մեր հրապարակումից հետո «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը զանգահարեց ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն՝ արձագանքելով նյութում տեղ գտած փաստերին և այլ մանրամասներին: Տիկին Ստեփանյանը, իհարկե, չառարկեց, որ իրենց ենթակայանում նման սարսափելի պայմաններ են, որ շենքում ջեռուցման համակարգ չկա, ձմռանը տաքանում են «պլիտայով» և այլն: Նրա խոսքով՝ հստակ ծրագիր կա՝ առաջիկա տարիներին ենթակայանների շենքերը վերանորոգելու:
«Իհարկե, չեմ կարող ասել, որ հրաշալի պայմաններ են, բայց ենթակայանների վերանորոգման ծրագիր կա, առաջիկա տարիներին դա իրականցվելու է: Սակայն, այն ենթակայաններում, որոնք վարձակալական հիմունքներով են, նորմալ պայմաններ են ապահովված: Օրինակ՝ թիվ 6,7 ենթակայանների տարածքները վարձակալական հիմունքներով են»,- ասաց տնօրենը, չմանրամասնելով, թե ինչ ծրագիր է, երբ է նախատեսվում այն իրականացնել և կոնկրետ ինչ ժամկետներում են ավարտին հասցնելու:
Հոդվածում հրապարակած այն դիտարկմանը, թե քաղաքացիները հաճախ են բողոքում շտապօգնության աշխատակիցների ուշացումից, միջին բուժանձնակազմի (բուժքույր) անբարեհամբույր, դժգոհ, շատ հաճախ՝ կոպիտ վերաբերմունքից, Թագուհի Ստեփանյանը նշեց՝ բոլոր բուժաշխատողներն այդպիսին չեն. «Ես չեմ կարող ասել, որ բոլոր աշխատակիցները բարեհամբույր են, սակայն ներկայացնել, որ քաղաքացիները դժգոհում են բոլորից, ճիշտ չէ: Մենք շատ բարեխիղճ աշխատակիցներ ունենք»:
Լուսանկարներում՝թիվ 4 ենթակայանի շենքն է:
Քրիստինա Աղալարյան