Հրապարակվել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող իշխող «Հանրապետական» կուսակցության ավագանու անդամների 195 հոգուց բաղկացած ցուցակի առաջին 25 անդամների անունները: Ցուցակում ներառված են և՛ գործող ավագանու անդամներ, և՛ նոր՝ հայտնի ու անհայտ դեմքեր:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ճանաչված դերասան, ռեժիսոր, սցենարիստ Միքայել Պողոսյանն, ով ավագանու անդամ է առաջադրվել ՀՀԿ-ի ցուցակով, խոսելով Երևանի ավագանու անդամ դառնալու՝ իր ցանկության մասին, ասաց. «Ես ցանկանում եմ դառնալ Երևանի ավագանու անդամ, քանի որ ուզում եմ իմ վերաբերմունքը ցույց տալ մեր քաղաքում կատարվողի վերաբերյալ: Ես մինչ օրս իմ առաջ դրված բոլոր խնդիրների նկատմամբ դրսևորել եմ սկզբունքային մոտեցում, և, եթե ինձ չհաջողվի ավագանու անդամ լինելու ընթացքում սկզբունքայնորեն լուծել իմ նկատած խնդիրները, կհրաժարվեմ և դուրս կգամ»:
Խոսելով ավագանու անդամի պաշտոնում իր առաջիկա անելիքների մասին՝ Միքայել Պողոսյանը նշեց, որ փորձելու է ամեն բան անել՝ Երևանը բաց երկնքի տակ թանգարան դարձնելու համար. «Նախկինում մենք քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ միասին նախաձեռնեցինք մի գործընթաց, որ մեր բոլոր անվանի նկարիչների գործերով գեղեցկացնենք մեր քաղաքի շենքերը: Այժմ առաջին բանը, որ անցնում է մտքովս, դա է, և ընդհանրապես, իմ նպատակն է՝ գեղեցկացնել Երևանը»:
Ավագանու անդամ դառնալու Ձեր որոշման հարցում արդյո՞ք որևէ դերակատարություն ուներ վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը, հարցին՝ հայտնի դերասանը պատասխանեց. «Այո՛, ունի, և շատ մեծ, ես իրեն հավատում և վստահում եմ»:
Թեև Միքայել Պողոսյանը ավագանու անդամ է առաջադրվել ՀՀԿ-ի ցուցակով, սակայն մեզ հետ զրույցում նշեց, որ երբևէ չի ցանկացել զբաղվել քաղաքականությամբ, երբեք որևէ կուսակցության շարքերը չի համալրել և ավագանու անդամ է ցանկանում դառնալ ընդամենն իր կողմից նկատված խնդիրները լուծելու և Երևանը մշակութային քաղաք դարձնելու համար:
Աղավնի Սուքիասյան