Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել դրանց տեղակայման վայրերը: Ընտրությունների անցկացման համար Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով:

 

Առաջին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, երկրորդը՝ Նոր-Նորք վարչական շրջանը, երրորդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, չորրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը, հինգերորդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, վեցերորդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, յոթերորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, ութերորդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, իններորդը՝ Նորք Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները, տասներորդը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները:

 

Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս պահի դրությամբ գրանցվել է դիտորդական առաքելություն իրականացնող մեկ հասարակական կազմակերպություն՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»-ն (147 դիտորդ): Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար կարող են ԿԸՀ դիմել մինչև ապրիլի 29-ը ներառյալ:

 

Ընտրությունները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները ևս ԿԸՀ կարող են դիմել մինչև ապրիլի 29-ը ներառյալ: այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման համար ԿԸՀ-ում գրանցված լրատվամիջոցներ չկան:

 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկատվություն է ներկայացրել Երևանում ընտրողների թվաքանակի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 841 հազար 973 ընտրող:

 

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի երեք քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Զարուհի Փոստ անջյանը:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցման գործընթացը կիրականացնի մինչև ապրիլի 14-ը:

 

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: