ՀՀ ԿԱ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն այսօր ամփոփեց իր ղեկավարած գերատեսչության իրագործած աշխատանքները: ՍԱՊԾ պետը նախքան ձեռքբերումների մասին բարձրաձայնելը, խոսեց չմակնշված կամ սխալ մակնշված պարենային ապրանքների մասին՝ շեշտելով, որ ծառայությունը տեղյակ է առկա խախտումների մասին և իրենք հանդիպումներ են ունեցել իրացման ցանցերի հետ: «Դիտարկումները ցույց են տվել, որ այս հարցերը լուծելու համար ժամանակահատված է պետք: Հանդիպումներ և քննարկումներ են եղել ինչպես մակնշումների խախտումների, այնպես էլ սանիտարական պայմանների մասին: Մեր դիտակետում են հաց և մսամթերք տեղափոխող մեքենաները: Կլինեն տուգանքներ, որոնք կստանան մատակարարները, եթե չունենան սանիտարական անձնագրեր կամ ի հայտ գան այլ խախտումներ, իսկ օգոստոսի մեկը վերջին ժամանակահատվածն է, երբ մատակարարները պետք է ունենան այս սանիտարական անձնագրերը: Տուգանքի չափերը տարբեր են՝ պայմանավորված վարչական իրավախախտումների մասին օրենքով»,-նշեց Իշխան Կարապետյանը:
Ըստ Կարապետյանի՝ այսուհետ այդ մեքենաների սանիտարական վիճակը փաստող փաստաթուղթը դառնալու է պարտադիր պայման՝ հաց և մսամթերք տեղափոխող մեքենաների համար, հակառակ պարագայում՝ կենթարկվեն տուգանքների:
ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը, որ ՍԱՊԾ աշխատանքը քննադատվում է նաև այն պատճառով, որ մամուլում տեղ են գտնում բազմաթիվ հրապարակումներ սննդային թունավորումների, ՀԿ-ների կողմից բացահայտված տարբեր խախտումների մասին, և դրանց վերաբերյալ ՍԱՊԾ-ի կայքում չի հրապարակվում օպերատիվ տեղեկատվություն, պաշտոնյան պատասխանեց. «Ե՛վ գերատեսչության կայքում, և՛ ֆեյսբուքյան էջում, մենք օպերատիվ կերպով արձագանքում ենք մեր ոլորտին առնչվող ցանկացած խախտման: Չի եղել գեթ մեկ թունավորման կամ այլ խախտման դեպք, որի մասին հավելյալ տեղեկատվություն մենք չհրապարակենք»:
Մեր մյուս հարցին, որ համաձայն Կառավարության ծրագրի՝ 2017 թվականի հունվարի մեկից ՀՀ-ում իրացվող մսամթերքը պետք է իրացվեր համապատասխան ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, բայց իրացվել է առանց դրա, գերատեսչության ղեկավարը պատասխանեց. «Այդ իրացվող փաստաթղթերի կիրառման բացակայությունը պայմանավորված էր նրանով, որ Կառավարության որոշումից հետո փոփոխությունների ենթարկվեց, համապատասխանեցվելով նաև ԵՏՄ պահանջներին: Այս տարվա փետրվար ամսից սկսած՝ մսամթերքն իրացվում է ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, իսկ բացակայության դեպքում իրացնողները ենթարկվում են տուգանքների»։
Աղավնի Սուքիասյան