Իշխանության ճամբարում անորոշությունը շարունակվում է: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովը հայտարարել է, որ ԱԺ նախագահի եւ փոխնախագահների թեկնածությունների հարցը չի քննարկվել: ՀՀԿ-ն մինչ այժմ նույնիսկ չի հրապարակել իր պատգամավորների անունները:
Միևնույն ժամանակ՝ դժվար չէ նկատել, որ այս խաբուսիկ պասիվությանը զուգահեռ՝ ներիշխանական կուլիսներում ծավալվում են բավականին լուրջ իրդարձություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդել ստատուս-քվոն իշխանության ներսում և ցանկալի վերադասավորումներն իրականացնել առանց ավելորդ աղմուկի: Նկատելի է, որ ակտիվ ներքին կուլիսային գործընթացներում առայժմ չի հաջողվում համաձայնության հասնել:
Թերևս պատճառը գործընթացի մեջ ներգրավված կողմերն են՝ ՀՀԿ-ի նոր դեմքերը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ եւ ՀՀԿ-ի հին դեմքերը՝ ի դեմս ռեյտինգայինների, որոնք ապահովել են ՀՀԿ-ի հաղթանակը: Այս երկու բևեռների միջև պայքարն ավարի բաժանման համար՝ հնարավոր է երկար տևի, ինչի արդյունքում ոչնչից կարող է ի հայտ գալ ներիշխանական ճգնաժամ՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Գործընթացն իրենից ներկայացնում է իշխանության անցման բարդ շրջան և անկանխատեսելի դժվարությունները բացառել չի կարելի:
Կան տեսակետներ, որ ներիշխանական ճամբարում ի հայտ եկած լարվածության պատճառը ոչ թե հանրապետականների կողմից Կարեն Կարապետյանի դրայվին չհետևելու ցանկությունն է, այլ վերջինիս կողմից՝ ՀՅԴ հետ կոալիցիա կազմելու ցանկության բացակայությունը: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան իսկապես մարտահրավեր է Կարեն Կարապետյանին: Միայն այն, որ ՀՅԴ-ն գործնականում առաջին ու դեռեւս միակ ուժն է, որ հայտարարել է Սերժ Սարգսյանի հետնախագահական վարչապետության հետ խնդիր չունենալու մասին, արդեն իսկ բավական է պատկերացնելու համար, թե որն է Կարեն Կարապետյանի խնդիրը:
Կառավարության փոփոխությունից հետո ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական կենտրոններն այդ հարցում որոշակի խաղադրույք կատարում են Կարեն Կարապետյանի վրա: Նա արժանացել է Մոսկվայի ընդունելությանը, Վաշինգտոնի եւ Բրյուսելի քարտ-բլանշին: Առկա է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան՝ կամա թե ակամա մրցակցություն: Նրանցից մեկն առավելագույնը մեկ տարի անց՝ պետք է հեռանա իշխանությունից: Ի՞նչ հունով կընթանա այդ մրցակցությունը: Բայց հանրության աջակցությունն էլ կախված է նրանից, թե Կարեն Կարապետյանն ինչո՞վ, ինչպե՞ս եւ ինչքա՞ն կգերազանցի Սերժ Սարգսյանին: Վարչապետը կենտրոնացած է ներդրումների հոսքը կարգավորելու վրա, սակայն ներդրողներին ընտրության թվաբանական արդյունքը չէ, որ պետք է ինչ-որ բան հուշի, այլ իշխանության իրական պատկերը:
Իսկ այդ պատկերը չկա: Ոչ մեկի համար պարզ չէ, թե ինչ ծրագրեր ունի դե ֆակտո առաջինը հանդիսացող և ամբողջ ուժային համակարգը դեռևս մեկ տարի տնօրինող մարդը: Ոչ ոք չգիտի, թե ինչ ծրագրեր ունի վարչապետը: Իշխանության ներսում առկա հետընտրական այդ վիճակը հուշում է, որ 2017 թվականի խորհրդարանի ընտրության քվեարկության արդյունքում ձևավորված դե յուրե խորհրդարանական մեծամասնությունն իրականում ստվերային է, այսպես ասած՝ «շարժական», որը կարող է հարմարեցվել ներիշխանական ցանկացած ստատուս-քվոյի:
Իհարկե, այս իրականությունն ամբողջությամբ բացվելու է 2018 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանն արդեն վայր կդնի իր իշխանական լիազորությունները: Միևնույն ժամանակ, սակայն, այդ հանգամանքն էլ ավելի կարևոր է դարձնում այն, թե ինչպիսի ստատուս-քվո կլինի հենց այդ պահին, որովհետև դրանից հետո արդեն նոր ստատուս-քվոյի հասնելու հնարավորություններն էապես նվազելու են: Եթե իշխանության մեջ շարունակվում է նորի և հնի խաղաղ գոյակցությունը, ապա դա կնշանակի, որ լճացումն է շարունակվելու, պարզապես՝ լճի մեջ մի քիչ նոր ջուր կավելացնեն, որ ճահճացում չսկսվի:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ