Երևանի քաղաքապետարանն անցած տարիների ընթացքում ուսումնասիրել է միջազգային փորձը և քայլեր է ձեռնարկում մայրաքաղաքում տրանսպորտի խնդիրը լուծելու ուղղությամբ: Ապրիլի 21-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ես վստահեցնում եմ, որ եթե երևանցիներն առաջիկա ընտրություններում վստահեն մեզ, իրենք շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեն տրանսպորտի խնդրի լուծումը»,- ասաց Մարգարյանը:
Երևանի քաղաքապետը հավելեց, որ իրենք վարձել են խորհրդատուներ, որոնք արդեն աշխատում են տրանսպորտային խնդիրների լուծման ուղիները գտնելու ուղղությամբ: «Երեկ տեղի ունեցավ աշխատանքային խմբերի խորհրդակցություն: Աշխատանքային խմբերը հնարավորություն ունեցան ներկայացնել բոլոր առաջարկները խորհրդատուին: Խորհրդատուն այդ ամենը կամփոփի և հունիսի սկզբին կներկայացնի քաղաքապետարան: Քաղաքապետարանը դրանից հետո մանրամասն կներկայացնի, թե ինչ ուղղությամբ ենք գնում տրանսպորտի խնդրի լուծմանը»,- նշեց Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով' մայրաքաղաքում տրանսպորտային ոլորտում մեծ բարեփոխումներ են լինելու: «Մենք լուծումները տեսնում ենք: Պարզապես մեր քաղաքացիներին խնդրում ենք մի փոքր համբերել, և մենք կարճ ժամանակահատվածում կլուծենք այդ հարցը: Դա մեզ համար գերակա խնդիր է»,- եզրափակեց քաղաքապետը:
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 14-ին: