Ֆրանսիական քաղաքականությունը լի է անակնկալներով: Այս անգամ ևս սուր սյուժեի սիրահարներն իրենց հիասթափված չեն կարող զգալ. նախագահական մրցապայքարը Դը Գոլի հայրենիքում անցավ սուր և անզիջում պայքարում: Երկրորդ փուլում ընտրողների քվեների համար կպայքարեն ֆրանսիական քաղաքականության նորահայտ աստղերից՝ Էմանուել Մակրոնը և արդեն ողջ ԵՄ սարսափը դարձած Մարին Լը Պենը:
Այդպես էլ չի պարզվել, թե որ ճամբարին է պատկանում ընտրությունների առաջին փուլի առաջատար Էմանուել Մակրոնը: Անկասկած, նա ֆրանսիական ապարատային բուրժուազիայի էլիտային է պատկանում, իր ամուր տեղն ունի իսթեբլիշմենթում, երիտասարդ է ու վստահ իր ուժերի վրա: Սակայն նրա մասնակցությունն ընտրություններին՝ քողարկում է առավել խոշոր կուսակցությունների դերը, որոնք հին ավանդույթներ ու ամուր սոցիալական կապեր ունեն:
«Ազգային ճակատ»-ը շատ առումներով սխալ վիճակում է հայտնվել. Մարին Լը Պենը սխալներ է արել կարգախոսների մասով՝ նախեւառաջ ժխտելով եվրոպական նախագիծը, որ ֆրանսիական քաղաքականության հիմքն էր: Ֆրանսիացիները ոչ մի կերպ չէին կարող ընդունել դա, ինչպես բրիտանացիները, որոնք մինչեւ հիմա վստահ չեն բրեքզիթի հարցում: Ֆրանսիայում, սակայն, Եվրամիության նկատմամբ վերաբերմունքը լրիվ այլ է, քան Մեծ Բրիտանիայում:
Ֆրանսիան Եվրամիության բազային պետությունն է: Եթե չլինեին հակաեվրոպական թեզերը, հնարավոր է՝ «Ազգային ճակատ»-ն ավելի լայն աջակցություն կունենար: Արտաքին քաղաքականությունում Մակրոնն, ամենայն հավանականությամբ, ամուր կապեր կունենա ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ եւ քննադատաբար կվերաբերվի Ռուսաստանին, որքանով դա հնարավոր լինի ֆրանսիացիների համար: Ի հակառակ նրան, Լը Պենն ամբողջությամբ հարում է Ռուսաստանին, ինչը կարող է դառնալ նրա պարտության թերևս գլխավոր պատճառներից մեկը: Ինչ վերաբերում է Հայաստանի և հայության հանդեպ երկու թեկնածուների վերաբերմունքին, ապա երկուսն էլ ակնհայտ պրո-հայկական գործիչներ են, պարզապես Մակրոնը ավելի կանխատեսելի է իր հետագա գործողություններում, քան Լը Պենը: Սպասենք այս հետաքրքիր ներկայացման երկրորդ արարին….
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ