ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս Մոսկվայում մասնակցել է ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած անվտանգության միջազգային համաժողովին, որտեղ նաեւ ելույթ է ունեցել:

 

Այդ ելույթը գործնականում ամեն ինչի մասին էր և ոչնչի: Դա է պատճառը, որ ռուսական փորձագիտական շրջանակները կարծես տարակուսած են և հիասթափված: Վիգեն Սարգսյանը խոսել է գրեթե ամեն ինչից, սակայն նուրբ հարցերը դիվանագիտորեն շրջանցել է: Ռուսները բացահայտորեն նշում են, որ անհրաժեշտ էր խոսել տարածաշրջանային մարտահրավերներից, բերել դրանց լուծման պրակտիկ բանաձևերի մասին հայկական կողմի պատկերացումները: Թե որոնք են այդ մարտահրավերները և ինչպիսի լուծումներ է տեսնում դրանց համար պաշտոնական Երևանը, գաղտնիք չէր համաժողովի մասնակից և ոչ մի ներկայացուցչի համար: Նախարարն ինչ էլ ասեր՝ «նոր հեծանիվ հայտնագործած» չէինք լինի:


Ռուսական կողմից քննադատություններ հնչեցնողները հստակ գիտակցում են, որ սխալվել են իրենց հաշվարկներում, և որ այս անգամ գոնե, մենք, քաղաքական նպատակահարմարության և մեր շահերի առաջնայնության ընդգծման տեսանկյունից՝ ավելի խելացի գործեցինք: Ռուսական կողմը նպատակ էր հետապնդում, որպեսզի Հայաստանն այդ ամբիոնից, ի դեմս ռազմական ոլորտի պատասխանատուի՝ գնահատականներ հնչեցներ, ձևակերպումներ տար, արդյունքում՝ որոշակի ռազմա-քաղաքական պատասխանատվության տակ մտներ: Փաստորեն, ռուսական կողմը հիասթափված է և նույնիսկ դա չի թաքցնում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայազգի գեներալի նշանակումից հետո՝ հենց Վիգեն Սարգսյանն էր, որ առաջինը փաստեց՝ այս նշանակումը կարող է լուծել խնդիրները, միևնույն ժամանակ՝ կարող է դրանք ավելացնել:


Հենց այս գործոնի գիտակցումն է, որ ստիպում է պաշտոնական Երևանին՝ առավել քան հաշվարկված հայտարարություններ անել և վարել զգուշավոր քաղաքականություն՝ ռազմա-քաղաքական բաղադրիչ ունեցող ցանկացած վիճահարույց հարցի շուրջ գնահատականներ հնչեցնելու և ձևակերպումներ տալու հարցում: Հաշվի առնելով մեր շուրջ ստեղծված իրավիճակը, մենք պետք է շարունակենք այսպես մանևրել, անկախ նրանից, թե դա ում դուր չի գա.Դա մեր շահերից է բխում:Հետևաբար, Վիգեն Սարգսյանի ՝ ծրագրային առումով ոչինչ չասող ելույթը շատ ավելին ասաց մեր դաշնակիցներին. նրանց մնում է՝ ճիշտ հետևություններ անել…

 

Ստելլա Խաչատրյան