Չնայած ընդունված է կարծել, թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները, պայմանավորված Անդրկովկասում ռուսական շահերով, միայն ծաղկում են ապրում ու այն էլ՝ հիմնականում ի հաշիվ հայկական կողմի շահերի, պարզվում է, սակայն, որ ամեն բան այնքան էլ այդպես չէ: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում հետզհետե առաջ եկող լարվածության մասին է վկայում, մասնավորապես, ուրբաթ օրը Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ տեղի ունեցած մի դիպված. Զախարովան չափազանց կոպիտ է արտահայտվել ադրբեջանական ԶԼՄ-ների հասցեին՝ դրանք անվանելով գռեհիկ ու հրաժարվելով շփվել ազերի լրագրողների հետ: Կրքերի բռնկման առիթ է հանդիսացել, մասնավորապես, ադրբեջանական ԱՊԱ գործակալության լրագրողի հարցը' կապված Արցախում ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի դատապարտման հետ:


Այն, որ Զախարովայի նախատրամադրվածությունն ազերիական ԶԼՄ-ների հանդեպ վերջին շրջանում այնքան էլ դրական չէ, ակնհայտ է դառնում ոչ միայն այս ուրբաթ օրը տեղի ունեցածից. նմանօրինակ դեպքեր՝ վերջերս էլ են եղել:

 

Հետևաբար, հաշվի առնելով այս ամենն ու հատկապես այն, որ ավարտված եռակողմ բանակցություններում հիմնականում ընդգծվել է խաղաղ գործընթացի շարունակականության կարևորությունն ու ձեռք բերված համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը, կարող ենք ասել, որ ներկայում ռուսական ճնշումները հիմնականում ուղղված են ադրբեջանցիների դեմ: Այլ կերպ ասած' Զախարովայի էմոցիոնալ պահվածքը յուրատեսակ ապտակ է՝ Ալիևին:


Հարց՝ ինչո՞ւ է այս անգամ Ալիևը հայտնվել Մոսկվայի ուշադրության կենտրոնում: Ենթադրելի է, որ Ադրբեջանը, ստանալով Արևմուտքի գաղտնի աջակցությունը, փորձում է խոչընդոտել Մոսկվայի պլաններին ու չի համաձայնվում անգամ այն մաքսիմալ ադրբեջանանպաստ կարգավորման բանաձևին, որ դրված է սեղանին, ու որը ենթադրում է ազատագրված տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայում. Բաքուն, ամենայն հավանականությամբ, մաքսիմալ պահանջներ է դրել Մոսկվայի առաջ, որոնք, զուտ ֆիզիկապես՝ Կրեմլը չի կարող բավարարել ու չի էլ ուզում, ու հիմա Անդրկովկասում ռուսական պլաններին խոչընդոտում է ոչ թե Հայաստանն, այլ հենց Ալիևը, որը միառժամանակ առաջ կարծես վայելում էր Մոսկվայի վստահությունը: Իսկ թե ինչո՞ւ է Բաքուն կոշտացնում իր դիրքորոշումն ու խոչընդոտում Ռուսաստանին, պարզից էլ պարզ է. Արևմուտքը երբեք չի հանդուրժի Անդրկովկասում ռուսական դիրքերի հավելյալ հզորացում, քանի որ շատ լավ հասկանում է՝ տեղակայելով ազատագրված տարածքներում խաղաղապահ ուժեր՝ Մոսկվան մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում՝ փայլուն հնարավորություն ստանալով ժամանակի ընթացքում Ադրբեջանին նույնպես առնելու իր թևերի տակ: Իսկ այն, որ Անգլիան ոչ մի կերպ չի կարող հանդուրժել նավթով հարուստ Ադրբեջանի անցումը ռուսական հովանավորության տակ, անվիճարկելի է. Արևմուտքը զգայուն է հատկապես այն երկրների ու տարածաշրջանների հանդեպ, որոնք տնտեսապես արժեքավոր են իր համար, իսկ Լոնդոնը դեռ մտադիր է Կասպից ծովի նավթային բարիքներից առատապես օգտվել:

 

Թե ինչ հակաքայլեր կձռնարկի Պուտինն՝ ընդդեմ Ալիևի, պարզ կդառնա ապագայում, բայց որ Բաքուն չի կարող Հայաստանին փոխարինող երկիր դիտարկվել Ռուսաստանի համար, անքննարկելի է. Հայաստանն արժեքավոր դաշնակից է Ռուսաստանի համար ու չափազանց սխալ կլիներ զոհել նրան՝ հանուն Արևմուտքի խամաճիկը հանդիսացող Ալիևի քմահաճույքների:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ