Մոսկվայում ավարտվեց ՌԴ արտգործնախարար Լավրովի նախաձեռնությամբ Նալբանդյան-Մամեդյարով արտգործնախարարների հանդիպումը: Թե ի՞նչ տվեց այս հանդիպումը հայկական կողմին և արդյոք սա ձեռքբերում էր հակամարտության կարգավորման գործընթացում. այս ու այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
- Պարո՛ն Մելիքյան, Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ արդյունք արձանագրեց Հայաստանն այս հանդիպման շնորհիվ, արդյոք կարող է այն առաջըթաց գրանցել հակամարտության կարգավորման հարցում:
-Այդ հանդիպման միակ առարկայական և տեսանելի արդյունքը հենց Հայաստանի համաձայնությունն էր՝ շարունակելու երկխոսությունն ադրբեջանական կողմի հետ, ի հեճուկս այն իրողության, որ պաշտոնական Բաքուն այդպես էլ չհամաձայնվեց կատարել փոխվստահության լրացուցիչ միջոցների և միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայում և Սանկտ-Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Կարելի է ասել, որ անցյալ տարի ապրիլին մեզանից ավելի քան հարյուր մարդու կյանք խլած ու 1994 թվականից հաստատված տարածքային ու քաղաքական ստատուս քվոն անդառնալիորեն խախտած ռազմական գործողությունից հետո պաշտոնական Երևանի կողմից վերցված բանակցային դադարն ավարտվեց և վերսկսվեց մեր բանակցողների կողմից որդեգրված դանդաղ, սողացող նահանջի ընթացքը: Ադրբեջանական նպատակների արդյունավետ կենսագործման տեսանկյունից այդ հանդիպումը կարող է որպես առաջընթաց գնահատվել, սակայն մեր շահերի տեսանկյունից՝ այն բացահայտ նահանջի շեշտադրում ուներ, և նույն այդ օրը առաջնագծում մեր զինվորի սպանությունը, հավանաբար, կոչված էր մեզ հենց դա ցույց տալ:
-Այդ դեպքում՝ ինչո՞ւ հայկական կողմը չի հրաժարվում բանակցությունից՝ հաշվի առնելով Բաքվի արհամարհանքը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ, չէ՞ որ անգամ հանդիումից ժամեր առաջ հայ զինվոր սպանվեց:
-Ես կարծում եմ, որ պարոն Սերժ Սարգսյանն էապես կաշկանդված է արցախյան տարածքները հակառակորդին հանձնելու վերաբերյալ այն խոստումներով, որ նա տվել է դեռ մինչև ՀՀ նախագահի աթոռին բազմելը: Դեռ 2005 թվականին է նա իր հայրենիքի սահմանների տեսլականը ներկայացրել, ասելով, որ Աղդամն իր հայրենիքը չէ: Նա այսօր էլ է կառչած մնացել այդ տեսակետին և գերադասում է ծպտուն անգամ չհանել այն մասին, որ յուրաքանչյուր հայի համար Գետաշենը, Շահումյանը կամ Գանձակը Հայրենիք են, բայց, չգիտես ինչու, Իլհամ Ալիևը սարգսյանական հոգու այդ անափ շռայլությունը չունի, որպեսզի ասի, թե դրանք իր հայրենիքը չեն ու պատրաստակամություն հայտնի դրանք հանձնել իսկական տերերին: Այդուհանդերձ, անկախ այն հանգամանքից, որ պարոն Սերժ Սարգսյանի մոտեցումները մնացել են նույնը, որոշ հանգամանքներ արմատապես փոխվել են՝ տարածքներ հանձնելու իր պատրաստակամությունը հավաստելիս նա ակնկալում էր, որ այդ անհեթեթ, ոչ մի արդարացում չունեցող զիջման դիմաց պաշտոնական Բաքուն գոնե կճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, և դրա վերաբերյալ հավաստիացումներ է ստացել նաև Մոսկվայից: Այսօր արդեն խոսք է գնում այն մասին, որ տարածքները պետք է հանձնվեն առանց Բաքվի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման: Այսինքն, Արցախի տարածքի երկու երրորդը պետք է առանց որևէ նախապայմանի հանձնվի Ադրբեջանի կատարյալ վերահասկողությանն, այսինքն՝ առանց Արցախի անկախ կարգավիճակի պաշտոնական ճանաչման: Ասածս այն է, որ այս նոր իրավիճակում անգամ պարոն Սերժ Սարգսյանը իրավական և բարոյական իրավունք է ձեռք բերում չեղարկելու իր կողմից նախկինում այլ պայմաններով տրված խոստումները և գործը նոր էջից սկսել:
-Արդյոք Մոսկվան պարտադրում է մեզ գնալ հանդիպումների:
-Կարծում եմ, որ Մոսկվան իսկապես այդ հարցում շահագրգռված է, և արցախյան տարածքները ոչինչի դիմաց Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ տափակաբանությունները ևս հնչեցվում են մոսկովյան մերձիշխանական քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից:
-Արդեն հայտարարվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարց չի քննարկվել, ինչո՞ւ, անիմաստ է այս փուլում հանդիպումը նախագահների ֆորմատով:
-Երևի թե սա «խելամիտ» զգուշավորության դրսևորում է՝ Հայաստանում ընդհանուր քաղաքական իրավիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը շարունակում են վատթարանալ, և այս պայմաններում, հավանաբար, ռուսների ու մեր հայրենի հողատուների համար կենսականորեն կարևոր է վտանգավոր շտապողականությունից խուսափելը:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի