Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական դերակատարում ունեն երկու գործոն՝ ժամանակը և հակամարտող կողմերի տրամադրվածությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի ակտիվ դերակատարման մասին հարցին: Ղասեմին ընդգծել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հիմնական գործոններից մեկը ժողովուրդն է: «Այս հակամարտության կարգավորման հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը»,- շեշտել է նա:
Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման առաջին արձագանքը փաստորեն հնչեց Թեհրանից: Այն, որ Իրանը մշտապես աջակցել է հակամարտության կարգավորման ռուսաստանյան ջանքերին փաստ է, մյուս կողմից՝ Թեհրանը մշտապես աշխատել է ձեռքը պահել իրադարձությունների զարկերակի վրա՝ կարգավորման ՝ իր համար անցանկալի տարբերակը բացառելու համար: Եռակողմ հանդիպմանն արտառոց որևէ հայտարարություն չարվեց, կողմերը նախկինում շատ ավելի հակված են եղել համաձայնության գալու, քան այսօր, ասել է թե՝ Թեհրանը նման հայտարարություն անելու շատ ավելի ծանրագույն առիթներ է ունեցել:
Այդ պարագայում՝ ինչո՞ւ է Իրանի ԱԳՆ հենց այսօր անում նման շեշտադրությամբ մի հայտարարություն, որն, անկասկած, մեծ ռեզոնանս է ունենալու Բաքվում: Ղասեմիի հայտարարության մեջ առկա մեսիջները թերևս հենց այդ նպատակն էլ հետպանդում էին՝ հասցնել Ադրբեջանին և ինչու ոչ՝ նաև Թուրքիային, որ Իրաննը ունի դիրքորոշում և շահ այս գործընթացում ու հարկ եղած դեպքում արտահայտելու է այն և պաշտպանելու: Իրանի ԱԳՆ հայտարարությունը կարելի է կապել նաև այս օրերին ընթացող թուրք-ադրեբջանական համատեղ զորավարժությունների հետ, որը ուժի ցուցադրություն է ուղղված ոչ միայն Հայաստանին, այլ նաև, և հիմնականում Իրանին: Իրանն էլ իր հերթին անարձագանք չի թողնում այս տանդեմի գործելաոճը:
Գաղտնիք չէ, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրների համատեքստում ստատուս-քվոն բխում է Իրանի շահերից: Բնական է, որ Իրանի շահերից է բխում, որ երկրի հյուսիսային սահմանները լինեն Արցախի և Հայաստանի Հանրապետության հետ, քան Ադրբեջանի Հանրապետության հետ, որտեղից պարբերաբար իրականացվում են տարբեր սադրանքներ՝ կապված Իրանի հյուսիսում թյուրքալեզու ատրպատականցիների նկրտումների հետ: Այս համատեքստում բնական է, որ Իրանն Ադրբեջանին դիտարկում է այն վտանգներից մեկը, որը սպառնում է իր տարածքային ամբողջականությանը: Ուստի, ղարաբաղյան հակամարտության հարցում իրանական հռետորաբանությունը թեպետ կմնա նույնը, սակայն իրական քաղաքականությունը և քայլերը կշարունակեն բխել հայկական կողմերի շահերից:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ