Երբ նկարահանվում էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը, որում իրենց մասնակցություն են բերել նաև հոլիվուդյան հայտնի դերասաններ, շատերն այն կարծիքին էին, որ ֆիլմն իսկապես ցնցող է լինելու: Խոսքը չէր գնում սյուժետային առանձնահատկությունների մասին, այլ այն արձագանքի, որն ակնկալվում էր: Սակայն ինչպես և Մեծ Եղեռնի մասին պատմող գրեթե մյուս բոլոր ֆիլմերն, այս մեկը ևս կարծես այնքան էլ մեծ ռեզոնանս չառաջացրեց կինոաշխարհում. արձագանքները չափազանց համեստ էին ու նեղ'չնայած այն հանգամանքին, որ դրա վրա ծախսվել էր բավական կլորիկ գումար՝ մոտ 100 մլն դոլար, ինչը յուրատեսակ երաշխիք պետք է լիներ ֆիլմի որակի հարցում: Իսկ ֆիլմը, նույն կինոքննադատների կարծիքով, ամենևին էլ վատը չէ, գեղեցիկ նկարահանված ֆիլմ' տաղանդավոր դերասանների մասնակցությամբ ու օբյեկտիվորեն կարող էր աժիոտաժ առաջ բերել: Հետևաբար' հարց է առաջանում' ինչո՞ւ Ցեղասպանության մասին պատմող ֆիլմերից նույնիսկ ամենահաջողվածը' «Խոստում» ֆիլմը, չունեցավ այն հաջողությունը, որն ակնկալում էին այն ստեղծողները:
Պատճառները, կասկած լինել չի կարող այդ հարցում, նախևառաջ քաղաքական են: Նույն ամերիկյան կինոթատրոններում ֆիլմի փաստացի տապալումը թուրքական ջանքերի արդյունք է հանդիսանում. թուրքերը նախօրոք գնում էին կինոթատրոնների տոմսերն ամբողջությամբ, որպեսզի մարդիկ' շարքային ամերիկացիները, չկարողանան դիտել ֆիլմը: Թե ինչու թուրքերի քայլերը չէին խոչընդոտվում կամ կասեցվում, իհարկե, խոսակցության այլ թեմա է, բայց որ «Խոստումը» թուրքերի հերթական զոհը դարձավ, ակներև է:
Ամերիկյան հեղինակավոր «The Wall Street Journal» պարբերականը մի սեղմ հոդված է հրապարակել, ուր խոսում է ֆիլմի ու դրա ստեղծման, Քըրք Քըրքորյանի' ֆիլմի բարերարի մասին:Պետք է նկատել, որ հոդվածում ավելի շուտ խոսվում է Քըրք Քըրքորյանի, քան բուն ֆիլմի մասին' սահմանափակելով ֆիլմի արժեքը ընդամենը հայության համար դրա նշանակության շրջանակներում: Հստակ նկատվում է միտում' Ցեղասպանության թեման չհանրայնացնելու:
Թե ինչ է այս ամենը նշանակում, իրականում այնքան էլ դժվար չէ կռահել. գործ ունենք հերթական սպեկուլյացիայի հետ. իրականում Ցեղասպանության թեման վաղուց է առևտրի առարկայի վերածվել Արևմուտքի ու Թուրքիայի հարաբերություններում, ու երբ անհրաժեշտ է լինում Թուրքիայից ինչ-որ բան կորզել կամ մի քիչ կսմթել, սկսում են աշխուժանալ Ցեղասպանության մասին խոսակցությունները: Երբ այլևս Թուրքիային հարկ է լինում սիրաշահել, թեման անմիջապես փակում են:
Ցավոք, մեծ քաղաքականությունը, որի զոհը դարձավ նաև «Խոստում» ֆիլմը, չափից դուրս ցինիկ է, որպեսզի հնարավոր լինի ճշմարտություն ակնկալել. այստեղ ընդամենը գոյության պայքար է, ուր ընդունելի են բոլոր միջոցները, այդ թվում և անբարո շուկայական հարաբերությունները…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ